20/01/2026

Իրանի «փլուզման հետևանքով Ադրբեջանի միավորման հնարավորությունը»

Եթե Թավրիզը ոտքի չկանգնի, Իրանում ոչինչ չի ստացվի: Նման տեսակետ է արտահայտել ադրբեջանական «Զերկալո» պարբերականը:

Վերջին օրերին «Հարավային Ադրբեջանի» թեմային Բաքվում անդրադարձել են նախկին վարչապետ և «Մայր հայրենիք» կուսակցության հիմնադիր Փանահ Հուսեյնովը, «Մուսավաթի» գործադիր ղեկավար Արիֆ Հաջիլին, «Ազգային անկախություն» կուսակցության նախագահ Էթիբար Մամեդովը, ինչպես նաև Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության որոշ ներկայացուցիչներ:

Քաղաքական նշված գործիչները եւ որոշ մեկնաբաններ առերևույթ բարձրացնում են հնարավոր «քաղաքացիական պատերազմի դեպքում» Իրանի թուրքախոս բնակչության «անվտանգության ապահովման» հարցը:

Խորքային իմաստով քննարկումները շոշափում են Իրանի «փլուզման հետևանքով Ադրբեջանի միավորման հնարավորությունը»:

Այս առումով «Զերկալոն» դիտարկել է, որ բողոքի ակցիաներին Թավրիզի և այլ «այդրբեջանաբնակ այլ քաղաքների պասիվ մասնակցությունը հոգեբանական բացատրություն ունի, քանի որ Իրանի հոգեւոր առաջնորդը և նախագահը էթնիկ թուրքեր են»:

Ադրբեջանական լրատվամիջոցը, սակայն, Իրանի հոգևոր առաջնորդին վերագրում է «պարսկական բացառիկ ազգայնականություն» և նրան հակադրում նախագահ Փեզեշքիանին, ով «հանդես է գալիս որպես թուրք բնակչության իրավունքների պաշտպան»:

Բաքվում ակնհայտորեն դեմ են Իրանում կրոնապետությունը թագաժառանգ Ռեզա Փահլավիի միապետությամբ փոխարինելու սցենարին: «Զերկալոն» գրում է, որ Թուրքիան և Կատարը «Միացյալ Նահանգներին փոխանցել են, որ շահական իշխանության վերականգնման դեպքում Իրանում քաղաքացիական պատերազմ կսկսվի, գլուխ կբարձրացնի էթնիկ անջատողականությունը»:

Այս ֆոնին ուշագրավ է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն Իրանում գտնվող ամերիկացիներին հորդորել է «անվտանգ հնարավորության դեպքում» այդ երկրից հեռանալ «ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով»:

Ադրբեջանի և Իրանի ցամաքային սահմանը փակ է արդեն ավելի քան վեց տարի: Տարեսկզբին, երբ Իրանում բողոքի ցույցերն սկսված էին, Բաքվում Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Նահանգների «ռազմա-խորհրդարանական պատվիրակությանը»: Այդ ընթացքում անդրադարձ եղե՞լ է Իրանի իրադարձություններին և հանգուցալուծման հնարավոր սցենարներին, կարելի է միայն ենթադրություն անել:

Հունվարի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը կքննարկեն TRIPP նախագծի գործնականացման հետ կապված հարցեր:

Բողոքի զանգվածային ցույցերից մոտ երկու շաբաթ առաջ Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Վելայեթին քննադատել է այդ ծրագիրը:

Տարեսկզբին Իրանի արտգործնախարար Արաղչին ընդունել է Բաքվում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Դեմիրչիլուին և կարեւորել Ադրբեջանի հետ հարաբերությունները: Անշուշտ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն այցը, պետքարտուղարի հետ հանդիպումը ծրագրված է ավելի վաղ, բայց այն տեղի է ունենում Իրանում իրոք ճգնաժամային իրավիճակի, այդ առթիվ Բաքվում քաղաքական անորոշության, Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներում պաուզայի, Հայաստանի ինքնիշխանության դեմ Կրեմլի պաշտոնական քարոզչության և ներհայաստանյան ընտրապայքարի փաստացի մեկնարկի ֆոնին:

Պետք է հուսալ, որ TRIPP-ը կձևակերպվի որպես հայ-ամերիկյան իրավահավասար ծրագիր: