19/01/2026

«Հարավային Ադրբեջանը մեռա՞վ», հետևաբար չկա նաև «Արևմտյան Ադրբեջան»

«Հարավային Ադրբեջանը մեռա՞վ»,- հռետորական հարցադրում է արել ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլիգ» պաշտոնաթերթի սյունակագիրը և չափազանց կարևոր բացահայտում արել: Պարզվում է, Իրանում ներքաղաքական ճգնաժամի համատեքստում բարձրացվող հարցին, թե «ինչպե՞ս պիտի լուծվի մասնատված հայրենիքի միավորման խնդիրը»,- պաշտոնական Բաքուն ոչ հրապարակային պատասխանել է. «Դա խորհրդային կայսրեկան ծրագրի բաղկացուցիչ մաս է և ադրբեջանական ժողովրդի ազգային ձգտումների հետ ոչ մի կապ չունի»:

Հակադարձելով այս նարատիվին, «Ազադլիգի» հեղինակը վկայակոչում է անցյալ դարի 50-60-ական թվականներից Բաքվում մի խումբ մտավորականների նախաձեռնած «պատմագիտական», գրական-մշակութային շարժումը, որի գաղափարական հիմքը «մասնատված հայրենիքը երբեւէ ամբողջացնելու ազգային իղձն էր»:

Նման քարոզչություն խորհրդային Ադրբեջանում, իրոք, ծավալվել է: Այդ թեմայով առավելապես հայտնի են Միրզա Իբրահիմովի «Կգա օրը» և Չինգիզ Հուսեյնովի «Ճակատագրապաշտ Ֆաթալին» վեպերը, Բախտիյար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմը: Բայց ակնհայտ է, որ այդ ստեղծագործությունները չէին գրվի եւ չէին հրատարակվի, ռուսերեն և խորհրդային այլ ժողովուրդների լեզուներով չէին թարգմանվի, եթե կոմունիստական իշխանությունների կողմից պատվիրված չլինեին:

Այս առումով Ալիևի հակադարձումը, որ «բաժանված Ադրբեջանի միավորման ծրագիրը խորհրդային է, ոչ թե՝ ազգային», լիովին արդարացի է: Խնդիր է, որ դեռևս Հեյդար Ալիևի օրոք դեկտեմբերի 31-ը պաշտոնապես սահմանվել է որպես «աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»: Իսկ դրա համար հիմք է հանդիսացել Նախիջեւանի հատվածում 1989թ. դեկտեմբերի 31-ին խորհրդա-իրանական պետական սահմանի ինժեներական կառույցների ավերման և Արաքսը երկու կողմից զանգվածաբար հատելու իրադարձությունը, որ անկախությունից ի վեր Ադրբեջանում ընկալվել է որպես «մասնատված հայրենիքի միավորման խորհրդանիշ»:

«Ազադլիգի» հեղինակն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում է «ադրբեջանական ժողովրդի իղձերն Իսրայելի աշխարհաքաղաքական շահերին ստորադասելու և Իրանում ազգայնական-շահական իշխանության հաստատման ծրագրին աջակցելու» մեջ: Բարդ է ասել, թե այդ քննադատությունը եւ ընդհանրացումը, որով նա Ալիևին կոչ է անում «ժողովրդին իրավունքներից զրկելուց հետո գոնե նրանից չխլել ազգային երազանքը»,- որքանով է հիմնավոր:

Այս դեպքում շատ ավելի կարեւոր է նկատի ունենալ, որ եթե «Հարավային Ադրբեջան» և «բաժանված հայրենիքի միավորման» նարատիվը Բաքվում իրոք «մեռել է», ապա օրակարգից բացառվում է նաև Ալիևի հնարած «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խոսույթը, քանի որ այն կառուցված է «պատմագիտական» մի վարկածով, որ մինչև ռուս-պարսկական 1806-1828 թվականների պատերազմները «գոյություն է ունեցել Թավրիզ կենտրոնով միասնական Ադրբեջան, որի մաս են կազմել Ղարաբաղի, Երևանի և Նախիջևանի խանությունները»:

Իսկ քանի որ «մասնատված Ադրբեջան» չկա, և այդ գաղափարն իրացնելի չէ, հետևաբար չկա նաև «Արևմտյան Ադրբեջան»: