01/02/2026

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը հայերեն և անգլերեն։

Ռազմաքաղաքական ռիսկեր

Ադրբեջան-Հայաստան

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։

Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Ռուսաստան-Ուկրաինա

2026 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը քիչ հավանական է։

Իսրայել-Իրան

2026 թվականին Իսրայել-Իրան փոխադարձ հարվածների կրկնվելու ռիսկը կպահպանվի՝ ընդլայնելով Հայաստանի անվտանգության խնդիրների շրջանակը։

Մերձավոր Արևելք

2026 թվականին Մերձավոր Արևելքում, հավանաբար, կպահպանվի զինված բախումների շարունակման ռիսկը։

Տնտեսական և ենթակառուցվածքային ռիսկեր ու հնարավորություններ

Մեծ հավանականությամբ մեր տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։

Մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում այլ շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է դրսևորվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով։

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին

2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։

Հավանական են կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռգործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլյացնող ծրագրերի կազմակերպումը։

Միջազգային ահաբեկչություն

2026 թվականին միջազգային ահաբեկչությունը կշարունակի մնալ անընդհատ զարգացող և վերափոխվող համաշխարհային սպառնալիք՝ ներառելով ավելի լայն աշխարհագրություն։

Տեխնոլոգիական

Ռազմադաշտում նոր զինատեսակները փորձարկելու լայն հնարավորությունները կարագացնեն «արտադրանք-փորձարկում-կիրառում» շղթան։

Ռազմական

Մեծ հավանականությամբ կընդլայնվի դրոնների դեմ պայքարում դրոնների դերը, նոր հեռանկարներ կստեղծվեն անօդաչու-օդաչու ավիացիայի ինտեգրման համար։ Արհեստական բանականությունը, մեծ հավանականությամբ, կշարունակի սահմանափակել մարդու դերը ռազմադաշտում՝ չփոխարինելով, սակայն վերափոխելով հրամանատարի գործառույթները որոշումների կայացման գործընթացում։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։