19/01/2026

ՀՀ-ում Իրանի դեսպանը մեղադրում է Հայաստանին, ինչ է ակնկալում

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր հրավիրված ասուլիսում որոշակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին։

Նա մասնավորապես հայկական կողմին մեղադրել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար՝ կոշտ արտահայտություններ անելով։

«Արդեն 6 օր է՝ երեկոյան 6-ից 9-ը մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե այս ամենը կարո՞ղ է որոշակի ազդեցություն ունենալ նաև հայ-իրանական հարաբերությունների վրա՝ դեսպանը նշել է, որ մի քանի անգամ համապատասխան դիտարկումներ են փոխանցել պատկան մարմիններին։

Նրա պնդմամբ, Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

Նույն ասուլիսում դիվանագետն իր մտահոգություննէր հայտնել նաև «Թրամփի ուղու» հետ կապված՝ նշելով, որ ԱՄՆ այն կարող է օգտագործել այլ նպատակներով։