19/01/2026

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»

Իսրայելական ռուսալեզու vesty-ն հունվարի 18-ին գրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «մի շարք երկրների առաջարկել է միանալ Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» և ներկայացուցիչներ նշանակել»:

Այդ կառույցը, ինչպես համաձայնեցվել է Շարմ էլ-Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովում», պետք է գլխավորի Թրամփը: Իսրայելական լրատվամիջոցը հղում է արել Bloomberg-ին, որի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը նման առաջարկություն արել է, մասնավորապես, Արգենտինային, Կանադային, Ֆրանսիային, Գերմանիային Եգիպտոսին, Թուրքիային և Բահրեյնին:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, «Խաղաղության խորհրդին» մասնակցության համար Թրամփն առաջարկել է մեկ միլիարդ դոլար «անդամավճար մուծել»: Ենթադրվում է, որ անդամակցությունը «կսահմանափակվի երեք տարով», իսկ «մշտական անդամ կլինեն մեկ միլիարդ դոլարը գերազանցող գումար մուծած երկրները»:

Առայժմ ոչ մի երկիր այս տեղեկությունները չի հաստատել: Մամուլը հիմք է ընդունում ԱՄՆ նախագահի դիտարկումը, որ «ամեն ինչ կսկսվի Գազայից և կտարածվի աշխարհի այլ կետերի վրա, եթե հակամարտություններ ծագեն»:

Արևմտյան մամուլում, ըստ vesty-ի, տպավորություն կա, որ Թրամփի գլխավորած «Խաղաղության խորհուրդը» կարող է զբաղվել նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմամբ: Առայժմ, սակայն, Գազայի կարգավորման հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև անսպասելի տարաձայնություններ են ծագել:

Նաթանյահուի գրասենյակը պաշտոնապես հայտարարել է, որ «Խաղաղության խորհրդին» ենթակա Գազայի կառավարման «Կոորդինացիոն կոմիտեի» կազմը Երուսաղեմի հետ համաձայնեցված չէ և «հակասում է նրա քաղաքականությանը»:

Ամենայն հավանականությամբ, Իսրայելի դժգոհությունը պայմանավորված է այդ մարմնում Թուրքիայի և Կատարի ներգրավվածությամբ: Սպիտակ տան ինքնությունը չբացահայտած մի բարձրաստիճան պաշտոնյա, ըստ իսրայելական լրատվամիջոցների, կոշտ հակադարձել է, որ ԱՄՆ-ը «Գազայում իրականացնում է իր քաղաքականությունը»:

Խիստ ուշագրավ է, որ «Խաղաղության խորհրդի» կազմում ընդգրկվելու առաջարկություն, դատելով տեղեկություններից, չեն ստացել Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը:

Վերջին մի քանի տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը համալրելու խնդիրը բազմիցս քննարկվել է, բայց գործնական քայլեր չեն կատարվել: Այդ հարցում առանձնակի հետեւողականություն ցուցաբերել է Թուրքիան:

«Աշխարհը չպետք է կառավարվի հնգյակի կողմից»,- մի քանի անգամ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա «Խաղաղության խորհրդին» անդամակցության հրավեր ստացել է:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞», եթե հրավիրյալ երկրներն ընդունեն «աշխարհի կառավարման» Թրամփի գաղափարը: