31/01/2026

Մահացել է Գագիկ Եգանյանը․ Լուսանկար

Անահիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի  69-րդ տարում կյանքից հեռացել  է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը

Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝  պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության պետական և հանրային  գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի  վաստակաշատ դասախոս,  մարդ, ով  իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։

Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ  գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային  համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ  շարունակում են գործել։

Գագիկ Եգանյանը լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ  իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝ Պետության և Երկրի  մարդ լինելու համար  պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես,  երկրի, հայրենիքի,  պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․

Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։

Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա  հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն  շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝   աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․

Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս  եկեղեցում, ժամը 17 00»։

Մահացել է Գագիկ Եգանյանը