31/01/2026

Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային

2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվա­կանի ապրիլի 18-ը՝ շաբաթ օրը:

Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունվարի 29-ի նիստում։

Աշխատանքային օրը փոխելը պայմանավորված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովով, որն անցկացվելու է Հայաստանում։

«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության՝ երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել:

Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չի պահանջում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում»,- ասվում է նախագածի հիմնավորման մեջ։

Նախագիծը պատրաստել է ՀՀ վարչապետի աշխատակազմը: