19/01/2026

Մարզը տրամպլին էր Երևան տեղափոխվելու համար

Ավելի քան կես ամիս է, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահ չունի,  դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը դատավոր Նանա Դալլաքյանն է։

Հրապարակ թերթը գրել է․ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մակար Կիրակոսյանն աշխատանքի է տեղափոխվել է Երևան: Նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թ․ դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Մ․ Կիրակոսյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին:

Մ․ Կիրակոսյանը 2024 թ․ օգոստոսի 29-ին նշանակվել էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։ Սակայն այդ ժամկետը չլրացած՝ տեղափոխվեց Երևան:

Դրանից առաջ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանն էր Երևան աշխատանքի տեղափոխվել: Ս․ Արմենակյանը Տավուշի մարզի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր նշանակվել 2020թ․ հուլիսի 6-ին:

Նախագահ Արմեն Սարգսյանը 2021թ․ հուլիսի 14-ին հրամանագիր էր ստորագրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենանկյանին նշանակել Տավուշի մարզի դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ս․ Արմենակյանը 2024թ․ հուլիսի 12-ին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: Փաստորեն Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը ցատկահարթակ` տրամպլին է Երևան աշխատանքի տեղափոխվելու, դատավորական կարիերայի  համար: