
Բառացիորեն մի քանի օր առաջ աշխարհը շունչը պահած սպասում էր, որ ԱՄՆ-ը կհարվածի Իրանին: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները երկու ավիակիր, մի քանի հրթիռակիր սուզանավ է մոտեցնում Իրանի ջրային սահմաններին, Մերձավոր Արևելքի տասնյակ ռազմահենակայաններում ռմբակործիչներ և լիցքավորող ինքնաթիռներ են վայրէջք կատարում:
Հարվածը, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Ըստ աղբյուրների, Դոնալդ Թրամփին այդ հարցում տարհամոզել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն՝ զգուշացնելով, որ Իրանը, գուցե, ծանր կորուստներ կրի, բայց դա բավարար չի լինի «ռեժիմը տապալելու համար»:
Այդ դեպքում, ինչպես Երուսաղեմում են համոզված, Իրանի հոգևոր առաջնորդի շուրջ տեղի կունենա «անցանկալի համախմբում»: Որոշ փորձագետներ նույնիսկ շատ հավանական են տեսնում, որ արտաքին միջամտության դեպքում իրանական հանրությունը «կգերադասի պաշտպանել կրոնապետությանը»:
Ի՞նչ զարգացումներ կհետևեն, որևէ մեկը կանխատեսել չի կարող: Բայց Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար ոչ միայն Հայաստանը, Հարավային Կովկասն առհասարակ որպես «պլացդարմ» չի դիտարկվում:
Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանում ռազմական նշանակության անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, երկրի տարածքը, ինչպես զինվորականներն են ասում՝ «ռազմավարական խորություն չունի»:
Տարածաշրջանի միակ երկիրը, որ կարող է ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցություն ցուցաբերել, Ադրբեջանն է, բայց այդ երկրի զինված ուժերը և իշխող ռեժիմը լիովին ենթարկվում են Թուրքիային:
Իսկ Իրանը փլուզումը մի շարք պատճառներով գոնե այս փուլում Թուրքիային ձեռնտու չէ: Իսկ եթե հավելենք, որ Հայաստանի տարածքում Իրանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը երկու ռազմահենակայան և անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունի, ապա լիովին պարզ կդառնա, որ «Իրանի դեմ գործողությունների պլացդարմի» մասին խոսույթը նույնիսկ փորձագիտական քննություն չի բռնում: ԱՄՆ-ը դրա կարիքը պարզապես չունի:
Ինչ վերաբերում է նրան, որ «TRIPP նախագիծը Հայաստանը կտրում է Իրանից», ապա եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա Իրանը և Հայաստանը կունենան երկաթուղային հաղորդակցություն՝ Ջուլֆա-Նախիջևան-Երասխ գծով: Իսկ դա նշանակում է, որ TRIPP-ը հնարավորություն է, որպեսզի Վրաստանի սևծովյան նավահանգիստները Հայաստան-Նախիջևան-Իրան երթուղով կապվեն Պարսից ծոցին:
Իհարկե, ամեն ինչ կախված է հետագա բանակցություններից, մասնակից երկրների, այդ թվում նաև՝ Հնդկաստանի, շահագրգռվածությունից, քաղաքական կամքից և առևտրատնտեսական նպատակահարմարությունից:
Պարզ է նաև, որ ցանկացած շահավետ լուծման համար պահանջվելու են ահռելի ջանքեր, դիվանագիտական հմտություններ: Բայց դա բոլոր կողմերի համար է «առտնին աշխատանք»: Ոչ ոք չի կարող բացառել, որ մոտ ապագայում Իրանը և Միացյալ Նահանգները սկզբունքային համաձայնության կգան: Իսկ ռուս-ամերիկյան «գործարքը գրեթե հասանելի է»:








