01/02/2026

Պուտինը պատասխանել է Թրամփի կնոջ նամակին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել  է, որ ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նամակ, որում քննարկվում է ուկրաինացի երեխաների վերադարձի և պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացը։

ԱՄՆ նախագահի կինը հայտնել է, որ անցյալ տարի Պուտինից ուղիղ պատասխան է ստացել իր խնդրանքին, և իր ներկայացուցիչները ներկայումս շարունակում են շփվել ռուսական կողմի հետ։

Սա պատասխան էր իր անցյալ տարվա կոչին, որում նա կոչ էր անում Պուտինին պաշտպանել Ուկրաինայում ծնված երեխաների «անմեղությունը» և նպաստել նրանց ընտանիքներին վերադարձին։

«Նա ինձ պատասխան նամակ գրեց։ Իմ ներկայացուցիչը կապի մեջ է նրանց [ռուսական կողմի – խմբ.] հետ, և մենք դեռ աշխատում ենք ավելի շատ երեխաների վերամիավորման ուղղությամբ», – նշել է առաջին տիկինը։

Չնայած Մելանյա Թրամփը չի հրապարակել նամակի տեքստը կամ չի բացահայտել կոնկրետ պայմանավորվածությունները, նա զգուշավոր լավատեսություն է հայտնել այս բանակցությունների արդյունքի վերաբերյալ։

«Հուսով եմ, որ շուտով մենք կրկին մեծ հաջողությունների կհասնենք։ Հրաշալի է տեսնել այս բոլոր երեխաներին և ծնողներին երջանիկ։ Իհարկե, դուք ուզում եք լինել ձեր երեխայի հետ», – հավելեց առաջին տիկինը։