31/01/2026

Ռոբերտ Քոչարյանը, Հեյդար Ալիևն ու ՀԱՊԿ-ը՝ որոշակի հիասթափություն կա

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երբ Հայաստանի կառավարման ղեկն իր ձեռքում է եղել, զանգել է Ադրբեջանի այդ ժամանակների նախագահ Հեյդար Ալիևին ու ասել, որ մեծ ծրագիր են անում:

«Անձամբ իմ գրասենյակից զանգահարեցի ու իրեն առաջարկեցի, որ բիտումը իրենցից առնենք: «Մտածեցի, որ լավ քայլ է, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է նա:

Ըստ Քոչարյանի՝ Հեյդար Ալիևը ասել է՝ մի 2 օր կմտածի, հետ կզանգահարի:

«2 օր հետո զանգեց ու ասաց, որ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի, եթե այդ գործարքին գնամ, շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: Ես էլ իրեն ասեցի, որ Հայաստանում ինձ ավելի շատ պետք է քննադատեն, որովհետև մենք ենք առնում ու ձեր ապրանքին գումար տալիս: Ասաց՝ գիտես, տրամադրությունները այստեղ ուրիշ են, դուք հաղթած կողմ եք, տրամադրություններն ուրիշ են: Սա իմ վերաբերմունքն էր տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- ասել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերվելու խնդիր չի տեսնում, թեև չի թաքցնում որոշակի հիասթափությունը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների մեծ մասը, Ռուսաստանից բացի, Ադրբեջանի հետ այսօր ունեն ավելի սերտ և բարեկամական հարաբերություններ, քան Հայաստանի հետ, ինչը լուրջ խնդիր է Երևանի համար։

Այնուհետև Քոչարյանը, սիրաշահելով ՌԴ-ին, վրա է ելել՝ ասելով, թե պետք է անկեղծորեն գնահատել սեփական քայլերը և հասկանալ՝ ինչ է արել Հայաստանը, որպեսզի չվատթարացնի հարաբերությունները կազմակերպության հետ։

ՌԴ-ին հավատարիմ Քոչարյանը առիթը բաց չի թողել և կրկին Հայաստանին մեղադրել է իր քայլերով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: