20/01/2026

Փաշինյանն՝ իր կատարմամբ, երաժշտություն է ձայնագրել Հանրային ռադիոյում

«Քաղպայմանագրի» քաղաքական ժողովին հաջորդած տարեվերջյան խնջույքին Նիկոլ Փաշինյանը հանրությանը հերթական անակնկալը մատուցեց՝ հարվածային գործիքի վրա նվագելով:

Ի դեպ, «Հրապարակը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ամուսիններով նվագել են սովորում․ Փաշինյանը՝ հարվածային գործիքներ, կինը` կիթառ: Այդ հավաքին նվագելուց հետո նա հայտարարեց, որ դեռեւս ամռանը իր գրած՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի բառերի հիման վրա գրված երաժշտությունն է նվագել կնոջ՝ Աննա Հակոբյանի նվիրած թմբուկներով։

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը պրոֆեսիոնալ գործիքավորում է իրականացրել` ձայնագրել է իր կատարումը՝ երաժշտական պրոֆեսիոնալ խմբի հետ, մտադիր են անգամ տեսահոլովակ նկարել այդ երգի հիման վրա, որը, ըստ ամենայնի, կդառնա նաեւ ՔՊ-ի նախընտրական հիմնը։ Իսկ ձայնագրությունն իրականացվել է Հանրային ռադիոյում, ուրբաթ երեկոյան: Փաշինյանի շքախումբն այցելել է Ռադիո, այցին ընդառաջ, ավանդույթի համաձայն, թիկնազորը սանրել է տարածքը՝ ներսից ու դրսից։ ՀՌ տնօրեն Արմեն Քոլոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Փաշինյանի այցի մասին տեղեկությունը եւ վստահեցրեց, որ նա ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին մարդն է, որ Ռադիոյում երաժշտություն է ձայնագրում, իրենք վճարովի հիմունքներով նման ծառայություն վաղուց են մատուցում։

Ներկայացնում ենք Քոլոյանի հետ հարցուպատասխանը։

–    Փաշինյանն օրերս Հանրային ռադիո է այցելել, կասե՞ք՝ ինչ նպատակով։ 

–    Դա եղել է անձնական նպատակով, երեկոյան՝ աշխատանքից հետո, մասնավոր այց է եղել։

–     Վարչապետը ՀՌ-ում ի՞նչ մասնավոր այց կարող էր կատարել։

–     Հա, ինչո՞ւ եք զարմանում, ինքը քաղաքացի չէ՞:

–    Եկել է՝ ձայնագրությո՞ւն արել:

–     Այո։

–     Հանրային ռադիոն ձայնագրման ստուդիա՞ է, ինչո՞ւ ձեզ մոտ։ 

–    Որովհետեւ մեզ մոտ ամենալավ ստուդիան է տարածաշրջանում։ Մենք դիմավորել ենք, իրենք եկել են խմբով, հետո, երբ սկսել են ձայնագրվել, ընդունված չէ ներկա գտնվել` դուրս ենք եկել։

–    Ռադիոյի աշխատակիցնե՞րն են իրականացրել այդ ձայնագրությունը։

–     Ոչ, ինքն իր խմբով է եղել, իրենք Ռադիոյում պարզապես տեխնիկան են օգտագործել, մեզ մոտ շատ են գալիս, լիքը ուրիշ երաժիշտներ են գալիս, վճարովի հիմունքներով ծառայություն է։ Եթե ուզում եք, Դուք էլ կարող եք գալ, վճարել, ընդ որում՝ բանկային քարտով, երգել, ձայնագրվել։

–     Ի՞նչ արժե մեկ ձայնագրությունը։ 

–    Կարծեմ՝ ժամը 30 հազար դրամ է, հստակ չեմ կարող ասել։

–     Իրենից բացի էլի՞ մարդիկ են օգտվել այդ ծառայությունից։ 

–    Լիքը, բա մենք ինչո՞վ ենք բան անում… փող ենք վաստակում, դրսից են եկել՝ Ռուսաստանից, Վրաստանից, ռոք, սիմֆոնիկ խմբեր եւ այլն։

–     Փաշինյանը քանի՞ ժամ է մնացել Ռադիոյում։ 

–    Չեմ կարող ասել, երեւի՝ մեկ։ Ես այդ ժամանակ իմ սենյակում եմ եղել։ Սկզբում մի տասնհինգ վայրկյան ներկա եմ եղել ու գնացել իմ աշխատասենյակ։

–    Հավանեցի՞ք նրա կատարումը, լա՞վ էր նվագում։

–     Հա, չէի ասի՝ «Բիթլզի» Ռինգո Սթարն է, բայց նորմալ էր, մարդը տիրապետում էր, գիտեր՝ դա ինչ է։

«Հրապարակ»․ Փաշինյանն իր կատարմամբ երաժշտություն է ձայնագրել