30/12/2025

Ռուսաստանը հրահրում է Իրանին միանալ իրեն Հայաստանին ինքնավարությունից զրկելու գործում

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը Թեհրանում հանդիպել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է:

Ադրբեջանական մամուլը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնում են, որ Խովաևը Արաղչիին ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների հավասար իրավունքների պահպանման սկզբունքով համագործակցության առաջարկություն:

Խովաևի Թեհրան այցի նպատակը, որքանով հասկացվում է, Սյունիքում «Թրամփի կամուրջ» նախագծի իրականացման կասեցման հարցում Իսլամական հանրապետությանը «դավագրգռելն է»:

Դա հասկացվում է այն ձևակերպումից, որ Խովաևն Արաղչիին առաջարկել է «վերագործարկել կովկասյան կարգավորման 3+3 ձևաչափը»: Այդ գաղափարը շրջանառվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո:

Պաշտոնապես «հեղինակային իրավունքը» վերագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Խովաևի թեհրանյան այցից ակնհայտ է դառնում, որ 3+3 (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) փակ ձևաչափով Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո ամրագրելու նախաձեռնությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծում է, որին նախապես համաձայնություն է տվել նաև Թուրքիան:

Այդ ձևաչափը, սակայն, գործունակ չէ, քանի որ Վրաստանը հրաժարվում է մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ որևէ քննարկման: Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում քաղաքական հռչակագիր են ստորագրել:

Թուրքիան ողջունել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը, Իրանը, թեև որոշ վերապահում ունի, բայց նախագահի մակարդակով հայտարարել է, որ իր շահերը հաշվի են առնված:

Այս համատեքստում, երբ նույն օրը Թեհրանում է գտնվել Հայաստանի փոխարտգործնախարար Կոստանյանը և իրանական կողմից հավելյալ մեկնաբանություններ արել, ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնացի թեհրանյան առաքելությունը միայն կարելի է, շատ մեղմ ասած, ապակառուցողական անվանել:

Մանավանդ որ Վաշինգտոնի եռակողմ քաղաքական հռչակագիրը չեղարկելու առաջարկություն նա իրանական կողմից ներկայացրել է Իսլամական հանրապետության նախագահ Փեզեշքիանի Երևան կատարելիք այցին ընդառաջ:

Չափազանց ուշագրավ է, որ նույն օրը Financial Times-ը, La Mond-ը հրապարակել են եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների՝ Իրանին հասցեագրած ուղերձը:

Նրանք Թեհրանին կոչ են անում մինչև օգոստոսի 25-ը «վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային հանրության հետ համաձայնեցնել միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրները»:

Հակառակ պարագայում եվրոպական «եռյակն» սպառնում է վերականգնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթաքին, որ 2005-2010 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, սպառնացել է, որ Թեհրանը քսանչորս ժամում դուրս կգա միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները վերականգնվեն, բայց դատելով վերջին մի քանի ամիսների փորձից՝ նման հայտարարությունները, որպես կանոն, Իրանից հնչում են ավելի շատ «դեմք փրկելու», քան գործնական քայլերի դիմելու մոտիվացիայով:

Սյունիքի հաղորդուղու բացմանը խոչընդոտելու դիմաց Թեհրանին ի՞նչ կարող է խոստանալ Մոսկվան: Հուլիսի սկզբներին Իրանի ռազմական գերատեսչության բարձրաստիճան պատվիրակությունը Մոսկվայում «ոչինչ չի ստացել»:

Համենայն դեպս, անցած ամբողջ ժամանակահայտվածում ինսայդերներն արձանագրել են Իրանի տարածքում ИЛ 76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի ընդամենը մեկ վայրէջք:

Բայց դեռ հարց է՝ իսկ Իրանի ռազմաքաղաքական վերնախավը պատերազմի՞, թե՞ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման է ձգտում: