29/12/2025

Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը

Հայաստանն ապաշրջափակվում է, TRIPP-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը: TRIPP-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը. «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման»:

Նախարարի խոսքով՝ տարվա գլխավոր իրադարձությունը Վաշինգտոնյան գագաթաժողովն էր. խաղաղություն, ապաշրջափակում՝ հանրահռչակված սկզբունքներով. «Ռազմավարական գործընկերությունների՝ գետնի վրա կյանքի կոչման ուղղությամբ աշխատանք է տարվում, կոնկրետ արդյունքներ կան: Կանխատեսում էլ անեմ՝ առաջիկայում էլ նոր գործընկերություններ կհաստատվեն»:

«Չեմ կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են, դա կլինի ինքնախաբեություն»,- այս մասին  ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին։

«Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն այս կամ այն իրադարձության շրջանակներում։ Սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց հումանիտար հարցերն էլ ենթակա են լուծման և նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը մենք համարում ենք մեր տարածքային ամբողջականության դեմ, այնպես որ, դեռ ճանապարհ կա անցնելու, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,- նշել է նա: