31/01/2026

Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:

17697735112055.jpeg (282 KB)

Անդրադարձ է կատարվել «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև գոհունակությամբ նշվել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով աջակցության տրամադրման վերաբերյալ կայացված որոշումը:

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձ են կատարել տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերի: