13/01/2026

Թագաժառանգ Ռեզա Փահլավին ընդդեմ թուրքականության

Իսրայելական աղբյուրները չափազանց ուշագրավ տեղեկություն են հրապարակել: Եթե այն հավաստի է, կարելի է ասել, որ Իրանի հարցում Իսրայելը ճակատագրական սխալ թույլ է տվել 1979 թ-ին, երբ վարչապետ Բեգինը մերժել է «Խոմեյնիի հետ մի բան անելու» մասին Իրանի շահի խնդրանքը:

Ըստ տեղեկության, Բեգինը «մեծամտաբար ասել է, որ «Մոսադը» վարձու մարդասպանների գրասենյակ չէ, թեև Ֆրանսիայում ապաստանած Խոմեյնին բազմիցս Իսրայելի ոչնչացման հրապարակային կոչեր էր հնչեցրել»:

Պետք է ենթադրել, որ «Խոմեյնիի հետ մի բան անելու» հարցում Իսրայելը չի ունեցել ԱՄՆ-ի կամ հենց նրան ապաստան տված Ֆրանսիայի, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի համաձայնությունը:

Ըստ երևույթին, Իրանի իսլամական հեղափոխությունը, որի հետեւանքով միապետությունը տապալվել է, Արևմուտքում դիտարկվել է որպես այդ երկրում ԽՍՀՄ ազդեցությունը թուլացնելու միջոց:

Արդյունքում միջազգային քաղաքականություն է մտել քաղաքական իսլամը, որի ազդեցությունը կանխելու կամ չեզոքացնելու համար Միացյալ Նահանգները և Իսրայելը մի քանի տասնամյակ է՝ ահռելի ջանքեր են գործադրում:

Իրանում աշխարհիկ պետություն հաստատելու սահմանադրական միապետության վերականգնումը դիտվում է ամենահավանական տարբերակ: Թագաժառանգ Ռեզա Փահլավին ներկայացնում է մի արքայատոհմ, որ Իրանի խորհրդարանի որոշմամբ հիմնադրվել է 1925 թ. դեկտեմբերի 12-ին, և Ռեզա խանը հռչակվել է Իրանի շահնշահ:

Մինչ այդ Իրանում իշխել է Ղաջարական արքայատոհմը, որի ծագումը, ինչպես ընդունված է, թուրքական է:

Ռեզա խանը ծագումով Իրանի Մազանդարան նահանգից էր: 1921թ.-ին, լինելով բանակի բարձրաստիճան սպա, նա զինված խռովություն է կազմակերպել, գրավել Թեհրանը: Ղաջարական արքայատոհմը նա տապալել է՝ զբաղեցնելով արդեն վարչապետի պաշտոնը:

Ռեզա-խանը իրեն հռչակել է պարթևական տոհմի Կարենյան ճյուղի ժառանգորդ և վերցրել «Փահլավի-Պահլավիկ» անվանումը:

Պարթեւական ծագում են ունեցել նաև Արշակունի հայ արքաները, Պահլավունի իշխանական տունը և Գրիգոր Լուսավորիչը: Նրա ժառանգները պատմագրության մեջ հայտնի են «պարթև» մականունով:

Այդ տոհմը սպառվել է Սահակ Պարթև կաթողիկոսով, որ արու ժառանգ, եթե հավատանք պատմիչներին, չի ունեցել: Նրա դուստրը Մամիկոնյան Համազասպ իշխանի կինն էր, Վարդան Մամիկոնյանի մայրը, ում փոխանցվել է Լուսավորչի ողջ սեփականությունը:

Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին, հավանաբար, պատմական անցյալի մանրամասնություններին տեղյակ չէ: Բայց դա չի խանգարում, որ Բաքվի քարոզչությունը Փահլավիներին վերագրի «կեղծ ազնվականի» կերպար և ներկայացնի որպես Իրանի «թուրքական արքայատոհմը դավադրաբար տապալած» Ռեզա խանի թոռ:

Ամենայն հավանականությամբ, Իրանի նախաիսլամական ինքնության դեմ են նաև Թուրքիան, արաբական աշխարհի ազդեցիկ միապետությունները: Որեւէ մեկը Ռզա Փահլավիին «մի բան անելու» խնդիր կդնի՞: