Անցած տարեվերջից ռուսաստանյան թելեգրամ-ալիքները հաղորդել են Մոսկվայում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հոսպիտալացման մասին:
Ըստ այդմ, Կադիրովը դեկտեմբերի 25-ին պետք է մասնակցեր ՌԴ Պետական խորհրդի ամփոփիչ նիստին, բայց նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և Չեչնիայի ղեկավարը տեղափոխվել է կրեմլյան հիվանդանոց, որտեղից էլ նրան «տուն են ուղարկել»: Որոշ աղբյուրներ նոր տարվա առաջին օրը հայտնել են, որ «Կադիրովը մահացել է»:
Հունվարի 3-ին Չեչնիայի ազգամիջյան, արտաքին կապերի և տեղեկատվական քաղաքականության հարցերով նախարար Ահմադ Դուդաևը «Կադիրովի մասնակցությամբ» տեսահոլովակ է հրապարակել և տեղեկացրել, որ նրա «տրամադրությունը մարտական է», իսկ հիվանդության մասին «լուրերը տարածում են սատանիստները»:
Որքանո՞վ է հավաստի այդ տեսագրությունը, որ արտատարածել են նաև ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցները, մնում է խիստ կասկածելի, բայց ավելի ինտրիգային է, թե ինչո՞ւ «մարտական տրամադրություն ունեցող» Կադիրովը Վլադիմիր Պուտինի հրավիրած Պետական խորհրդի նիստին չի մասնակցել: Մանավանդ որ տարին Չեչնիայի համար ընտրական է:
Այս հարցի պատասխանը Կադիրովի նախարար Դուդաևը չի տվել, ուստի մնում է ենթադրել, որ կամ Չեչնիայի ղեկավարն իրոք «ծանր հիվանդ է», կամ նա Ռուսաստանի նախագահի հետ «անհաղթահարելի տարաձայնություններ ունի, ուստի գերադասել է մնալ տանը»:
Ռուսաստանի համար շատ բախտորոշ փուլում Չեչնիայի ղեկավարի գործունակությունը նրա անձնական խնդիրը չէ: Անցած տարեվերջին Վլադիմիր Պուտինը մի քանի օրենքներ և հրամանագրեր է ստորագրել և երկրում փաստացի ռազմական դրություն հաստատել:
BBC-ն պարզել է, որ պատերազմի գրեթե չորս տարիներին Չեչնիան ունեցել է 172 մարդկային զոհ: Այն դեպքում, երբ Բաշկորտոստանում այդ թիվը կազմել է ավելի քան ութ հազար: Վիճակագրությունը վկայում է, որ Կադիրովը չեչեններին խնայում է, իսկ կենտրոնական իշխանությունը ձեռնպահ է մնում իրավիճակին միջամտելուց:
Ոչ ոք չգիտի, թե Չեչնիայում և առհասարակ Հյուսիսային Կովկասում ինչ իրավիճակ կստեղծվի, եթե Կադիրովն իրոք «հեռանա»:
Անցյալ նոյեմբերին նա հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընտրություններին: Ըստ որոշ աղբյուրների, Չեչնիայի առաջնորդի պաշտոնի համար «վաղուց պայքարում են» պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը և ՊՆ քաղաքական վարչության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը:
Վերջինս միաժամանակ համարվում է չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության զորախմբի հրամանատար: Կադիրովից հետո Չեչնիան կարող է անկառավարելի դառնալ: Այդ դեպքում ապակայունացումը կսպառնա ամբողջ Հյուսիսային Կովկասին:






Բաց մի թողեք
Ալիևի ընկեր Մադուրոյի ձերբակալությունից ի՞նչ եզրակացության կգան Բաքվում
Թրամփը Պուտինին հասկացնում է, որ ժամանակակից պատերազմում «հաղթանակն» ավելի շատ «պարտություն է»
Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել