Ռուսական որոշ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, երկրի քաղաքական բարձր էշելոններում հերթական ինտրիգն է հասունանում։ Մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո, որը կարելի է համարել ձախողված, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության 76-ամյա ղեկավարին ուղարկել «լուսանցք»։
Այս մասին գրում է ռուսական TMT պարբերականը։
Հիշեցնենք, որ այդ ձախողված հեռախոսազրույցն էլ նշանավորեց Պուտին-Թրամփ՝ Բուդապեշտում կայանալիք հավանական հանդիպման խափանումը։ Սերգեյ Լավրովը ռուսական քաղաքական վերին էշելոնների հնաբնակներից է։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է արդեն երկու տասնամյակ։
Նման խոսակցությունների առիթ տվել է այն, որ Լավրովը ՌԴ Անվտանգության խորհրդի նոյեմբերի 5-ի նիստում, որը ոչ պակաս նշանային կարելի է համարել, ներկա չէր։ Այստեղ նկատենք, որ Լավրովն ի պաշտոնե հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ։
Իսկ այդ նշանային նիստում էլ ՌԴ նախագահը հանձնարարել է վերականգնել միջուկային փորձարկումները, որոնք վերջին անգամ Ռուսաստանն իրականացրել է 1990 թվականին։
Ռուսական «Коммерсант»-ը գրում է, որ Լավրովի բացակայությունը «համաձայնեցված է եղել»։ Փորձագետների ուշադրությունից չի վրիպել հատկապես այն, որ Լավրովն ԱԽ մշտական անդամներից միակն է եղել, որ չի մասնակցել նոյեմբերի 5-ի այդ հիշարժան նիստին։ Փորձագետների ուշադրությունից մեկ այլ նյուանս էլ չի վրիպել։
«Մեծ քսանյակի» այս տարվա գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը կղեկավարի ոչ թե Սերգեյ Լավրովը, այլ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։ Այս մասին էլ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ընդ որում, Պեսկովը մանրամասնել է, որ այդ որոշումը կայացրել է անձամբ Պուտինը։ Պուտինն այս տարի էլ չի մասնակցի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Այն տեղի է ունենալու Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
ՀԱՀ-ը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը (ստատուտը) եւ որպես Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր՝ պարտավոր է ձերբակալել ՌԴ նախագահին, եթե նա մուտք գործի իր տարածք, քանի որ ՄՔԴ-ն Պուտինի համար ձերբակալման սանկցիա է տվել։
Եզրակացություններ անելը, իհարկե, վաղ է, կապված այն բանի հետ, թե արդյոք Լավրովն առաջիկայում կգնա՞ թոշակի։ Նաեւ դժվար է ասել, թե առաջիկայում նրա գլխին կուտակված ամպերը երբ կցրվեն։
Սակայն ամեն դեպքում փաստ է, որ նրան առնվազն «տուգանային» են ուղարկել ձախողված հեռախոսազրույցից հետո։






Բաց մի թողեք
Ալիևը կարո՞ղ է հակադրվել Թուրքիայի ռազմավարական շահերին
Հենց այս երիտասարդն էլ եղել է Կճոյանի մեղքերի խոստովանահայրը․ Լուսանկար
Պուտինը փորձում է Նազարբաևի միջոցով ազդել պաշտոնական Աստանայի արտաքին քաղաքականության վրա