Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատրաստվում է քաղաքական թևի նոր առաջնորդի ընտրության: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղելով Սաուդյան Արաբիայում հրատարակվող «Աշ-Շարկ ալ-աուսաթ» պարբերականին:
Ըստ տեղեկությունների, քննարկվում է երկու անձի թեկնածություն՝ Խալիլ ալ-Հայա և Խալեդ Մաշալ: Առաջինը ունի Իսրայելի դեմ զինված պայքարը մինչև «Գազայի լիակատար ազատագրում շարունակելու» ուղեգծի ջատագովի համարում, երկրորդը «պրագմատիկ լուծումների կողմնակից է»:
Կատարի մայրաքաղաք Դոհայում շուրջ երկու ամիս առաջ Իսրայելի կազմակերպած հատուկ գործողությունը հետապնդել է Խալիլ ալ-Հայային չեզոքացնելու նպատակ: Իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է նրա որդին, ով հանդիսանում էր ՀԱՄԱՍ-ի բանակցային պատվիրակության անվտանգության պատասխանատուն: Իսրայելի հատուկ ծառայությունները մի քանի անհաջող մահափորձ են իրականացրել նաեւ Խալեդ Մաշալի դեմ:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի նոր առաջնորդի ընտրության մասին տեղեկությունը տարածվել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ մեկնելու նախօրեին: Հայտնի է, որ Նաթանյահուն դեկտեմբերի 27-ին «ռազմական կաբինետի» նիստ է անցկացրել:
Կառավարությանը մոտ աղբյուրները փոխանցել են, որ նա ԱՄՆ նախագահին «կներկայացնի Գազայում կարգավորման երկրորդ փուլի մեկնարկի երկու նախապայման՝ իսրայելցի վերջին պատանդի աճյունի հայրենադարձություն, ՀԱՄԱՍ-ի զինաթափում»:
«Եդիոտ ահրոնոտի» խմբագրականը գտնում է, որ «ՀԱՄԱՍ-ը զինաթափման առաջարկությունը կմերժի»: Իսրայելական պարբերականը նման եզրակացության է հանգել՝ ելնելով իրողությունից, որ անցնող շաբաթասկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը «Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպումներ են ունեցել»:
Իսրայելցի փորձագետները կայուն կարծիք ունեն, որ «ՀԱՄԱՍ-ը ֆորմալ առումով կզինաթափվի միայն այն դեպքում, երբ Գազայում Թուրքիան ռազմական ներկայություն կունենա»: Նաթանյահուի կառավարությունն, ըստ այդմ, ոչ մի տարբերություն չի տեսնում ՀԱՄԱՍ-ի և թուրքական զորախմբի միջև, որ Էրդողանը ձգտում է հաստատել Գազայում:
Թուրքական մամուլն այս իրավիճակում հիշեցրել է սուլթան Աբդուլ Համիդի հետ կապված մի պատմություն, որի իսկությունը կասկածելի է, բայց երևույթն ինքնին խիստ խորհրդանշական է:
Խոսքն այն մասին է, որ սիոնիզմի հայր Գերցելը լեհ մի ազնվականի միջոցով Աբդուլ Համիդին խոշոր գումար է առաջարկել, որպեսզի նա թույլատրի Պաղեստինում հրեաների բնակեցում, ինչին սուլթանը պատասխանել է, որ «հողը պատկանում է Օսմանյան կայսրությանը, կայսրությունը՝ նրա ժողովրդին», և ինքը չի կարող «անգամ մի կտոր վաճառքի հանել»:
Թուրքական քարոզչությունն ակնհայտորեն հրեաներին ներկայացնում է որպես տարածաշրջանում «եկվոր տարր»:
Ինչ ընտրություն էլ որ ՀԱՄԱՍ-ը կատարի, մի իրողություն այլեւս ակնհայտ է. պաղեստինյան այդ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայի ազդեցւթյան և հովանավորության տակ: Էրդողանը նպատակադրվել է Գազայում և Հորդանանի արեւմտյան ափին ռազմական ներկայություն հաստատել, ինչին Իսրայելը դիմադրում է:
Եթե Էրդողանը զինված ներկայություն հաստատի պաղեստինյան տարածքներում, Իսրայելը կդադարի լինել տարածաշրջանի առաջատար երկիր, և Մերձավոր Արևելքում ավելի խորքային վերաձեւումներ կսկսվեն:






Բաց մի թողեք
ՔՊ-ականներից ու ռուս ազնվական օրիորդներից
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
ԵԺԿ-ից Վեբերը բաց է թողնում Եվրախորհրդարանում ծայրահեղ աջերի հետ ավելի շատ քվեարկությունների հնարավորությունը. Լուսանկար