ՀԷՑ-ից զանգեցին ու հաստատեցին` Նիկոլ Փաշինյանը ստում է. ՀԷՑ-ն առնվազն 70 տոկոս բաժանորդներից չէր կարող գողություն անել․
MakaryanNews-ի կողմից այսօր հնչեցրած իմ հարցը, պարզվեց, աժիոտաժ է առաջացրել ՀԷՑ-ում: Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց ինձ զանգահարեցին ՀԷՑ-ից, որպեսզի հասկանան` ի՞նչ խնդիր կա մեր սպառած էլեկտրաէներգիայի մասով, և արդյոք մեր հոսանքը նախկինի համեմատ ավելի շա՞տ է գրում, թե՞ ոչ:
Զանգահարողը ՀԷՑ իրացման գծով բաժնի պետերից մեկի տեղակալն էր` Ռոբերտ Բաբախանյանը, որը 2.5 տարի է` ՀԷՑ-ում է և մինչև Ռոմանոս Պետրոսյանի գալը աշխատել է ՀԷՑ իրացման գծով տնօրեն Դավիթ Ղազինյանի ենթակայությամբ:
Պարոն Բաբախանյանը ինձ ներկայացրեց այս դեկտեմբերին և նախորդ դեկտեմբերին մեր սպառած էլեկտրաէներգիայի տարբերությունը, և պարզվեց` 2025-ի դեկտեմբերին ընդամենը 8 Կվտ ենք ավել սպառել 2024-ի դեկտեմբերի համեմատ: Նույն կարգի թվեր են նաև նոյեմբեր ու հոկտեմբեր ամիսների մասով:
Այսինքն` նախորդի համեմատ էական տարբերություն չկա: Հետևաբար, եթե մեր ընտանիքից գողություն է կատարվել նախկինում` մինչև այս իշխանությունների կողմից ՀԷՑ-ը «Տաշիր կապիտալ» ընկերությունից «խլելը», ապա նույն տրամաբանությամբ գողություն է կատարվում նաև հիմա:
Բացի այդ, ՀԷՑ պաշտոնյան նշեց, որ հաշվիչների մեծ մասի` կեսից ավելիի դեպքում տեսուչների կողմից միջամտությունն ու հավելագրումն ուղղակի գործնականում բացառված է, քանի որ մոտ 800 հազար հաշվիչ միացված է АСКУЕ համակարգին կամ հայերեն` ԲԵԱՀ-ին (Բաշխիչ էներգո ավտոմատացված համակարգ), ինչը նշանակում է, որ այդ հաշվիչներն աշխատում են ինքնաընթերցման մեխանիզմով, այսինքն` ամեն ամսվա վերջում ավտոմատ հաշվում են բաժանորդի սպառած էլեկտրաէներգիան և ցուցմունքն արտացոլում համակարգում:
Հետևաբար, որևէ տեսուչ ոչ մի պարագայում չի կարող այդ հաշվիչներում միջամտություն իրականացնել և այլ ցուցմունք գրել:
ՀԷՑ-ն այս պահին ունի մոտ 1 մլն 100 հազար բաժանորդ, որից 800 հազարի կամ մոտ 70 տոկոսի դեպքում, փաստորեն, ըստ ՀԷՑ պաշտոնյայի, հավելագրում անելն անհնար է: Սրանից կարող ենք եզրակացնել, որ նույնիսկ եթե այն 30 տոկոս տեսուչներից բոլորը անբարեխիղճ են եղել ու հավելագրումներ են արել, ապա Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «Հայաստանում չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը փող չի գողացել», առնվազն 70 տոկոսով սխալ է: Սրանում համոզվեցինք ոչ միայն մեր ընտանիքի օրինակով, այլև ՀԷՑ պաշտոնյայի ներկայացրածով:
Ավելի ուշ ինձ հետ կապ հաստատեց նաև ՀԷՑ իրացման գծով նոր տնօրեն Լևոն Հովհաննիսյանը, որը զբաղեցնում է Դավիթ Ղազինյանի պաշտոնը: Նա ևս չհերքեց, որ առնվազն 70 տոկոս հաշվիչների մասով հավելագրումն անհնար է, միայն ավելացրեց, որ այդ 800 հազար հաշվիչները АСКУЕ հանակարգին միացել են մոտ 2.5 տարի առաջ` ՀԷՑ նախկին ղեկավարության օրոք: Այսինքն` նա էլ իր հերթին ակամա հաստատեց, որ Փաշինյանը գոնե թե 70 տոկոսով ստում է կամ մենք ճիշտ էինք` Նիկոլ Փաշինյանը սխալվեց:
Հ.Գ. Շնորհակալ եմ ՀԷՑ պաշտոնյաներին իմ բարձրացրած հարցին հետևողական լինելու, զանգահարելու, պարզաբանելու և այսպիսի հետաքրքրիր բացահայտումներ անելու համար:






Բաց մի թողեք
Ուկրաինայում ՀՕՊ համակարգերը զինամթերքից զրկվել են կարևորագույն պահին
Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով 2 հայ է զnhվել. Սինանյան
Երբվանից է դադարեցվելու ԱՄՆ վիզաների կամ Գրին քարտերի տրամադրումը