ԱՄՆ Կոնգրեսի առջև հանդես գալով ամենամյա երրորդ ուղերձով՝ նախագահՋո Բայդենը ընդգծեց իր վարչակազմի ձեռքբերումները՝ խոսեց ենթակառուցվածքների, ուսանողների պարտքի ներման, աբորտ կատարելու իրավունքի և զենքի վերահսկման մասին: Սպիտակ տան ղեկավարը բազմիցս քննադատեց «իր նախորդին»՝ չնշելով, սակայն, Թրամփի անունը։
Նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երրորդ նմանատիպ ուղերձը հնարավորություն է եղել ցույց տալու, որ 81-ամյա գործիչը ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ է առաջնորդել երկիրը ևս չորս տարի։
ԱՄՆ նախագահն իր ուղերձը սկսեց նախազգուշացմամբ, որ Միացյալ Նահագներում ու երկրի սահմաններից դուրս ժողովրդավարական արժեքները հարվածի տակ են:
Բայդենը խոստացել է, որ չի «խոնարհվի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ՝ սուր քննադատության ենթարկելով իր մրցակից Դոնալդ Թրամփին ելույթի առաջին իսկ պահերից։
«Իմ նախորդը՝ հանրապետական նախկին նախագահը, Պուտինին ասում է՝ ինչ ուզում ես՝ արա: Ես չեմ խոնարհվի: Ուղիղ իմաստով՝ պատմություն է կերտվում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը և պառակտված Կոնգրեսին հորդորել հավանություն տալ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությանը:
«Եթե այս սենյակում որևէ մեկը կարծում է, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի վրա, ապա, վստահեցնում եմ ձեզ, նա կանգ չի առնի։ Բայց Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք աջակցենք Ուկրաինային և նրան տանք այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար: Սա այն ամենն է, ինչ խնդրում է Ուկրաինան։ Նրանք ամերիկացի զինվորներ չեն խնդրում»,- ասել է Բայդենը։
Ավելի քան մեկ ժամանոց խոսքի ընթացքում Բայդենը քննադատել է Թրամփի մոտեցումները նաև ներգաղթի վերաբերյալ:
«Ես չեմ «սևացնի» ներգաղթյալներին՝ ասելով, որ նրանք «թունավորում են մեր արյունը»,- ասել է Բայդենը՝ նկատի ունենալով Թրամփի հայտնի հայտարարությունները, և Կոնգրեսին կոչ արեց ընդունել ներգաղթի վերաբերյալ բարեփոխումները։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Թել Ավիվին, որ չի կարող սակարկել մարդկանց օգնություն հասցնելու շուրջ և կոչ արեց անհապաղ զինադադար հաստատել «Համասի» հետ:
«Իսրայելի ղեկավարությանն ասում եմ՝ մարդասիրական օգնությունը չի կարող լինել երկրորդական խնդիր կամ սակարկության առարկա: Անմեղ կյանքերի պաշտպանությունն ու փրկությունը պետք է առաջնահերթություն լինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հիշեցնելով նաև, որ Իսրայելը դիմեց ռազմական գործողություններին անցած տարվա հոկտեմբերի 7-ի հրեական պետության դեմ «Համասի» գրոհից հետո։ Բայդենը ընդգծեց՝ զինյալներն «այսօր կարող են վերջ տալ այս հակամարտությանը»՝ ազատելով պատանդներին։
Ջո Բայդենի ելույթին զուգահեռ բողոքի ցույցերեն անցկացվել Սպիտակ տան և Կապիտոլիումի շենքերի առջև: Մարդիկ պահանջել են զինադադար հաստատել Գազայում:
ԱՄՆ նախագահի ելույթի ընթացքում հանրապետական կոնգրեսականները հաճախ սուլում և բղավել են Բայդենի հասցեին, բայց նա ամեն անգամ պատասխանել է կատակելով և ծաղրել իր հակառակորդներին գրեթե ամեն ինչում՝ սկսած միլիարդատերերի հարկերի կրճատումից մինչև կլիմայի փոփոխությանը լրջորեն չվերաբերվելը:
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Կյանքից հեռացել է թբիլիսահայ գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը․ Լուսանկար
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը. Լուսանկար