21/07/2024

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ քարոզչության հիմքում այն դրույթն է, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները:

«Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել Դավիթ Բեկ գյուղի 50-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել զենք-զինամթերք: Նա հայտնել է, որ առանց համարի թմբուկավոր ատրճանակը, երկու նռնակն ու մեկ պայթուցիչը և 100 փամփուշտները դեռևս 2012 թվականին բերել էր Լեռնային Ղարաբաղից ու պահել ավտոտնակի դիտահորում:

Մարտի 7-ին արդյունք է տվել Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը: Մի քաղաքացի զանգել է բաժին և հայտնել, որ Գորիսի դիահերձարանից քիչ վերև թողել է պատերազմներից հետո բերած զենք-զինամթերք: Նշված վայրում հայտնաբերվել են մեկ ինքնաձիգ, ինքնաշեն չորս ատրճանակ, որսորդական հինգ հրացան, երեք նռնակ` պայթուցիչներով, փամփուշտներ և պայթուցիկ նյութեր:

Նմանատիպ մի զանգ էլ նույն օրը ստացվել է ոստիկանության Գավառի բաժնում: Գավառ քաղաքի մոտակա կամրջի տակ իրավապահները հայտնաբերել են երկու ինքնաձիգ, որսորդական մեկ հրացան, երեք ատրճանակ, հինգ նռնակ, պայթուցիչներ, փամփուշտ և այլ զինամթերք:

Մարտի 7-ին կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում: Թթուջուր գյուղի 28-ամյա բնակիչը ներկայացրել է որսորդական մեկ հրացան, մեկ նռնակ, ծխաքողարկման մեկ գլանակ ու փամփուշտներ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը առավոտյան գտել էր իրենց տան տանիքում աշխատելիս, և որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի իրավապահների բացատրական աշխատանքն ու քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են: