22/05/2024

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած «ախռաննիկը» նախկին դատավորի որդի է՝ «Զարկ» ռեստորանի տերը. Զարկը, բռնությունը, փաստորեն, քոչարյանների «բրենդն» է

ԱԺ-ում բռնություն կիրառած Արթուր Սուքոյանը, որը գրանցված է որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական՝ աշխատում է 2023 թ. նոյեմբերի 22-ից, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է։

ԲԴԽ-ն, հիշեցնենք, 2023 թ. հունվարին դադարեցրեց Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ: Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշված էր ԲԴԽ հայտարարության մեջ։

Նշենք, որ Ալեքսեյ Սուքոյանը նաև Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ.գործով դատավորն էր։ Սույն հայցապահանջով Քոչարյանը պահանջում էր հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում պահանջում վճարել 4 միլիոն դրամ:

Ուսումնասիրելով Արթուր Սուքոյանի հայտարարագիրը՝ պարզեցինք, որ նախկին դատավորի որդին ու նախկին նախագահի որդու ներկայիս օգնականը, բացի մարզված մարմին ունենալուց, նաև կարգին ունեցվածք ունի։ Նա Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող երկու միավոր հողակտոր է հայտարարագրել, որոնք գնել է 2022-ին, Երևանում գտնվող բազմաբնակարան շենքում գտնվող մեկ բնակարան, 2022-ին գնված, 2009-ի արտադրության «Ֆորդ» (ուղևորաբեռնատար) ավտոմեքենա, 2015-ի արտադրության «Բենթլի» մարդատար տրանսպորտային միջոց, որը նույնպես գնել է 2022-ին։ Որպես փոխառություն կամ բանկային ավանդ Սուքոյանը հայտարարագրել է (պարտապան «Էս-Յան» ՍՊԸ) 25 հազար ԱՄՆ դոլար և 10 միլիոն դրամ։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նախկին դատավորի որդին հայտարարագրել է 9,552 ԱՄՆ դոլար կրիպտոարժույթ, որպես կանխիկ դրամ՝ 8,500 եվրո, 10 հազար ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Որպես եկամուտ Քոչարյանի օգնականը հայտարարագրել է «Էս-Յան» ՍՊԸ-ից ստացած 840,500 դրամը, ԱԺ-ից ստացած 58, 065 դրամ աշխատավարձը։ Իսկ որպես վարկ Սուքոյանը հայտարարագրել է 1 մլն 800 հազար դրամ, բանկի անվանումը պաշտպանված է։

Նշենք, որ «Էս-Յան» ՍՊԸ-ն է աշխատեցնում Երևանի Թումանյան փողոցի վրա տեղակայված «Զարկ» ռեստորանը, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, ըստ պետռեգիստրի, հենց Արթուր Սուքոյանն է։ Քոչարյանի՝ 29-ամյա օգնականը հաշվառված է Երևանի Կենտրոնում՝ Վարդանանց փողոցում։

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն ուներ զարկելով, մարդ սպանելով (ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին, «Առագաստ» սրճարանի զուգարանում) հայտնի դարձած «ախռաննիկ», նրա պատգամավոր որդին էլ «Զարկ» անունով ռեստորան ունեցող օգնական-«ախռաննիկ» ունի, որը, ինչպես պարզվեց, ընդունակ է պետական կառույցում խուլիգանական արարք թույլ տալ՝ զարկել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողին ու հայհոյանքներ տեղալ։ Զարկելը, փաստորեն, քոչարյանների «բրենդն» է։