28/10/2026

EU – Armenia

Խայտառակ տեսանյութեր են հրապարակել մեր մասին` մոնտաժված, կոնտեքստից կտրված

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մասնակցել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Իսկ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին «Ուժեղ Հայաստան»-ը բավականին պասիվ էր, Ստեփանավանից բացի որևէ այլ համայնքում չառաջադրվեցին եւ հանրության ընդդիմադիր հատվածի քննադատություններին արժանացան: Գուցե այդ քննադատություննե՞րն են ստիպել վերանայել մարտավարությունը եւ առաջադրվել առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանից հետաքրքրվեցինք` այդ քննադատություննե՞րն են կուսակցության ակտիվանալու պատճառը: Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ-երի մասին: Նա ասաց. «Մեր առաջնային գնահատականը տվել ենք հունիսի 7-ի համապետական ընտրություններից հետո: Դեռ այդ ժամանակ մենք բարձրաձայնել ենք, որ տեղի է ունեցել ծայրաստիճան ապօրինի, հակաիրավական, և անհավասար պայմաններում ընտրություն, իշխանությունները բոլոր հնարավոր և անհնար միջոցներով խաթարել են ընտրական պրոցեսները, այն աստիճան ու այն մասշտաբի են եղել խախտումները, որ կարող ենք դրանք փուլերի բաժանել` նախընտրական փուլ, ընտրական փուլ, հետընտրական փուլ: Այս բոլոր փուլերում էլ ընդդիմադիր ուժերը, հատկապես` «Ուժեղ Հայաստանը» եղել է չափազանց թիրախավորված: Անգամ օրենսդրական փոփոխությունների մակարդակով մեզ ամեն գնով փորձեցին ճնշել: Մեկ օրում Ընտրական օրենսգիրք փոխեցին, ինչը հակաիրավական է, և Վենետիկի հանձնաժողովի համապատասխան դիրքորոշմանը, և կանոնակարգին հակասում էր:

Առհասարակ ընտրությունից առաջ` մեկօրյա ժամկետում չէր կարելի նման բան անել: Այս ամենին զուգահեռ նաև դիտորդների հետ կապված փոփոխություններ կատարեցին, սակայն որևիցե մասնագիտական կարծիք չլսեցին: Մեկ օրում` արտահերթ եղանակով այնպիսի փոփոխություններ կատարեցին, որն ուղղակի փաստում է ծայրահեղ անհավասար պայմանների մասին: Ամբողջ քարոզչամեքենան մեր դեմ է աշխատել և աշխատում: Հ1-ը թիրախավորել է մեզ: Այդ ամենը արվում է հանրային տրամադրվածության վրա ազդելու համար: Էլ չեմ խոսում իրավապահների ներգրավվածության մասին: Խայտառակ տեսանյութեր էին հրապարակում մեր մասին, մոնտաժված և կոնտեքստից կտրված: Կարճ ասած` ՔՊ-ի ռիլերի նյութերն իրավապահներն են ապահովում:

Սոցհարցումները ցույց տվեցին, որ այդ կեղծ նյութերի հրապարակումը թողել էր իր ազդեցությունը: Հարցվածների մի մեծ հատված ասել էր, որ հակված էին մեզ ընտրելու, սակայն այդ հրապարակումներից հետո փոխել են իրենց կարծիքը: Այս ամենին էլ զուգահեռ մեր առաջնորդի գործողություններն են սահմանափակել: ԵԽԽՎ հայտնի զեկույցում խոսվում է ահռելի խախտումների մասին: Ասվում է, որ 46 ընտրատեղամասերում խախտումներ են հայտնաբերվել: Ասվում է, որ պետական համակարգում աշխատողները դժգոհություն են հայտնել, որ ՔՊ-ն իրենց հրահանգել է ընտրել հենց իրեն: Չնայած այն քարոզչական կեղծ թեզերին, թե իբրև «Ուժեղ Հայաստան»-ը ՌԴ-ից մարդկանց է բերում իր օգտին քվեարկելու համար, այդպես էլ չապացուցվեց` գեթ մեկ դեպք մինչ օրս չի հաստատվել: ԵԽԽՎ-ն հաշվի չի առել անգամ իր շահերն օրվա իշխանության հետ, և չի կարողացել չանդրադառնալ այն բոլոր խախտումներին, որոնք արել է Փաշինյանի ռեժիմը: Մեզ թիրախավորում են ընտրակաշառքի կեղծ դրվագով, բայց նույն ԵԽԽՎ-ն արձանագրում է թոշակի բարձրացումը, հսկայածավալ համերգները, Հանրային հեռուստաընկերության ոչ հավասար լուսաբանումները, և այլն: ՏԻՄ-երում ակտիվ չլինելն առաջին հերթին հենց այս հանգամանքով է պայմանավորված: Թե ընդդիմությունը, և թե ժողովուրդը դադարել է հավատալ ընտրական գործընթացներին: Մենք տեսնում ենք, որ հավասար պայմաններ չեն գործում: Մեր ուժը որոշեց մասնակցել Ստեփանավանում, որպեսզի գետնի վրա հասկանանք, թե ինչքանով է իշխանությունը պատրաստ հավասար պայմաններ ապահովել, բայց մենք տեսանք, որ անգամ ՏԻՄ ընտրություններում այս մարդիկ ի վիճակի չեն ազնիվ ճանապարհով ընտրության մասնակցել: Իշխանությունը լավ գիտի, որ առանց ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու հաղթանակ արձանագրել այլևս չի կարող: Ինչ վերաբերում է նոյեմբերի ՏԻՄ-երին, ապա ասեմ, որ ի սկզբանե մենք պլանավորել էինք մասնակցել Սպիտակի ընտրությանը, մի շարք հանգամանքներ հաշվի ենք առել, որոնք նպաստում են մեր ակտիվությանը: Օրինակ` Ստեփանավանում մեր մասնակցության արդյունքում ընտրողների ակտիվության ցուցանիշը մեծացավ, և ՔՊ-ն չկարողացավ հաղթանակ արձանագրել: Ժողովուրդն ուներ այլընտրանք: Մեր թեկնածուն ապօրինաբար կալանավորվեց, մեր շտաբը կապարակնքվեց մի քանի օր առաջ, մեր տեխնիկական իրերն առգրավվել են, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ բնույթի հետապնդումների մասին է խոսքը: Այս պայմաններում մենք այդքան քվե ենք ստացել, դա աջակցություն է մեր ուժին»: