Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ իշխանությունների տարբեր հայտարարությունները։
Պատգամավորը նկատեց, որ ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ հնչել են տարբեր ժամկետներ, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է խաղաղության պայմանագրի ստորագրման հետաձգման մասին։ Հովսեփյանը նախարարից նաև հետաքրքրվեց, թե այդ յոթ օրվա ընթացքում ինչ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կարող էին ազդել հայտարարությունների վրա։
Արեգա Հովսեփյանը հիշեցրեց, որ Միրզոյանն ավելի վաղ խորհրդարանի ամբիոնից խոսել էր Ադրբեջանի ներկայացրած նախապայմանի մասին՝ հարցնելով, թե արդյոք դա բանակցային գործընթացում հայկական կողմի առջև դրված վերջին պայմանն է։ Նա նաև անդրադարձավ TRIPP նախագծի ներկայացման ժամանակ նախարարի ելույթին՝ հետաքրքրվելով, թե ինչու է վերջինս երկու անգամ խոսքը սկսել խաղաղության պայմանագրի հիշատակումով։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խաղաղությունը հետաձգված չէ, քանի որ, իր խոսքով, այն արդեն հաստատված է։ Նախարարը որպես օրինակ մատնանշեց սահմանամերձ բնակավայրերում առկա իրավիճակը՝ նշելով, որ այնտեղ ոչ միայն խաղաղություն է, այլև առևտրային հարաբերություններ են ձևավորվում։
Խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին անդրադառնալով՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել փաստաթղթի ստորագրման ժամկետն ու վայրը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։
Նախարարը պարզաբանեց, որ ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն չի ներկայացնում Սահմանադրությունը փոխելու պահանջը, սակայն հայտարարում է, որ մինչև այդ փոփոխությունը տեղի չունենա, պայմանագիրը չի ստորագրվի։ Միրզոյանը հավելեց, որ հայկական կողմն առաջարկում է համատեղ աշխատանքով առնվազն սկսել այդ ուղղությամբ առաջ շարժվելու գործընթացը։
Արեգա Հովսեփյանը հակադարձեց, որ եթե կողմերից մեկը հայտարարում է՝ չի ստորագրի պայմանագիրը մինչև մյուս կողմի Սահմանադրության փոփոխությունը, ապա դա ըստ էության նախապայման է։ Նա կրկին հարցրեց նախարարին՝ արդյոք այդ պայմանը վերջինն է։
Միրզոյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմը դա ներկայացնում է որպես Հայաստանի ներքին գործը՝ միաժամանակ նշելով, որ քանի դեռ փոփոխությունը տեղի չի ունեցել, չի համաձայնում պայմանագրի ստորագրմանը։ Նախարարը նաև ընդգծեց, որ TRIPP նախագիծը չի կարելի դիտարկել խաղաղության գործընթացից առանձին։


Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների հարցի մասին
Խայտառակ տեսանյութեր են հրապարակել մեր մասին` մոնտաժված, կոնտեքստից կտրված
36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել