28/10/2026

EU – Armenia

Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների հարցի մասին

Հայ գերիների ազատ արձակման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակում է մնալ, սակայն երրորդ երկրների միջոցով առայժմ հնարավոր չի եղել հասնել արդյունքի։

Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Նախարարը նշել է, որ գերիների հարցի շուրջ աշխատանքների արդյունավետությունը գնահատվում է կոնկրետ արդյունքով՝ արդյոք պահվող անձինք ազատ են արձակվում, թե ոչ։ Նրա խոսքով՝ Հայաստանը դիմել է նաև երրորդ երկրներին, սակայն այդ ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։ Միրզոյանը հրաժարվել է նշել այդ երկրների անունները՝ ընդգծելով, որ նրանց հետ աշխատանքները շարունակվելու են։

Լիլիթ Գալստյանը հարց է բարձրացրել, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի վկայում Հայաստանի դիվանագիտական մեկուսացման մասին՝ հակադրելով այն իշխանությունների՝ խաղաղության հաստատված լինելու վերաբերյալ հայտարարություններին։
Ի պատասխան՝ Միրզոյանը պարզաբանել է, որ համապատասխան հորդորները հասցեագրվել են ոչ թե Հայաստանին, այլ երրորդ երկրներին։ Նա ընդգծել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և այդ հարցի լուծման հիմնական ճանապարհը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունն է։