27/07/2024

Ովքե՞ր են ՙհայրենասիրական՚ աղմուկ – աղաղակ բարձրացնողները

Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Խաչատրյանը գրել է․

2020թ. 44-օրյա պատերազմից ու պարտությունից հետո, կանխատեսելի էր, որ պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ նոր փորձություններ ու արհավիրքներ են մեզ սպասվում, որովհետեւ աշխարհն այլեւս նախկինը չէ, Արեւմուտքն ու Ռուսաստանն էլ նախկինի պես հաշտ ու համերաշխ չեն համագործակցում մեր տարածաշրջանում, հանուն մեր սիրուն աչքերի էլ չեն պատրաստվում կռվել ու մարտիրոսանալ:

Ինչերի՞ ականատես եղանք անցած երեք ու կես տարիների ընթացքում: Նախկինում բարձր եւ ոչ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, որոնք բոլոր հնարավորություններն ունեին իրենց կառավարման տարիներին Արցախի հարցը մեզ համար փոքրիշատե բարենպաստ տարբերակով լուծելու եւ մի ողջ սերնդի ոտքերի տակ ռումբ չդնելու, Արցախը կորստյան չմատնելու, Հայաստանի ինքնիշխանության գլխին սպառնալիք չկախելու, դարձան ընդդիմություն:

Հրապարակներում, մամուլի ակումբներում, իրենց հովանու ներքո գտնվող ԶԼՄ-ներում ողջ օրը խոսում են ու խոսում: Ի՞նչ են խոսում: Որ Նիկոլը հողերը ծախել է: Որ եկել ու Արցախը հանձնել է: Որ հիմա էլ Հայաստանն է մաս-մաս հանձնում: Որ պետք է նրա հետ դատ ու դատաստան տեսնել:

Ի՞նչ են առաջարկում: Հայտնի չէ: Հասել են հիմա էլ Տավուշի մարզ, այնտեղի բնակչության զգացմունքներն են շահարկում իրենց բարեկեցիկ կյանքի դիրքերից, նկարվում մարդկանց հետ, ովքեր չեն պատրաստվում լքել հայրենի գյուղը: Իրենք էլ են ուզում նրանց կողքին հերոսանալ: Հերոսանալ` տասնամյակներ շարունակ զրկանքներով իրենց օրվա հացը վաստակող գյուղացիների կողքին, որոնք նախկին ռեժիմի օրոք անտրտունջ կրել են իրենց խաչը: Հիմա’ էլ են կրում: Իսկ նորօրյա ՙհերոսների՚ միայն ՖԲ-ի էջերը հպանցիկ նայելիս ի՞նչ ենք իմանում: Մարդիկ ամսվա մեջ մի քանի անգամ Փարիզներ են գնում, նկարվում տեսարժան վայրերում, իրենց անհոգ թիթեռնիկի կյանքն են վայելում, հետո վայրէջք կատարում Երեւանի որեւէ մամուլի ակումբում ու դառնում մինչ գերեզման հայրենասեր: Ի~նչ անեծքներ, հայհոյանքներ երկիրը ՙծախողների՚ հասցեին: Ինչպիսի~ լալահառաչ ու սրտաճմլիկ զեղումներ, ինչպիսի~ անձնազոհություն: Էլ չենք խոսում տարբեր ռուս քաղաքագետ-փորձագետների բերանով մեր երկիրը վարկաբեկելու մասին, որն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել: Ուրիշ ո՞ր մի ժողովրդավար երկրում կհանդուրժեին նման ՙազատ խոսքը՚, երբ պետության շահն է ոտնակոխ արվում` դրսից, տվյալ դեպքում` ՌԴ-ից, ՙտղա բերելուն՚:

Ինչի? մասին են լռում Նիկոլ Փաշինյանի օրոք հաստատված ժողովրդավարությունից օգտվող նախկին պաշտոնյաները: Որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է տեղի ունեցել ՙԳույք` պարտքի դիմաց՚ գործարքը, որը մեր երկիրը կախման մեջ է դրել Ռուսաստանից` դաշնակցային հարաբերությունները վերածելով վասալայինի: Որ գրեթե օր չի լինում` Դատախազությունը հաղորդագրություններ չտարածի ապօրինի գույքի բռնագանձման մասին, ինչից շարքային մահկանացուներս տեղեկանում ենք, թե աղքատ երկրում ինչպիսի ահռելի ունեցվածք են կուտակել ՀՀ նախկին նախագահները, Երեւանի քաղաքապետերը, տարբեր պաշտոնյաներ, որոնց մի մասը գտնվում է հետախուզման մեջ, քանի որ հասցրել է ճողոպրել արդարադատությունից: Որ Դաշնակցությունն ազգային գաղափարներն էր դարձրել իր կարգախոսը, բայց թե’ Ռոբերտ Քոչարյանի, թե’ Սերժ Սարգսյանի օրոք տարբեր կոալիցիաների մեջ մտնել-դուրս գալով միայն իր վերնախավի անձնական բարեկեցության հարցերն է լուծել:

Եվ հիմա էլ ժողովրդավար Հայաստանում փորձում են հալածյալ ու քաղբանտարկյալ ներկայանալ: Այն, ինչի մասին լռում էին, երբ նախկին իշխանությունների օրոք իրենց ընդդիմախոսներին էին հալածում եւ բանտ նետում: Այն դեպքում, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն էլ, Հայաստան քանիցս այցելած ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգն էլ Մարտի 1-ի գործով ազատազրկված անձանց ՙխղճի բանտարկյալ՚ էին անվանում:

Հնարավոր է սա 1 անձ, մորուք, կոստյում and ակնոց նկարն է