09/10/2024

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ միջադեպին առնչություն ունեցող 17-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, 39-ամյա տղամարդուն ևս մեղադրանք է ներկայացվել, որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում կազմակերպված հավաքի մասնակից, 2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, թիրախավորել է նույն բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Երևան քաղաքից դեպի Կոթի բնակավայր ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի երթևեկությունը դադարեցվել էր Կիրանց բնակավայրում հավաքի այլ մասնակիցների կողմից: Հավաքի մի խումբ մասնակիցներ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց պետական իրավասու մարմնի գործառույթներ իրականացնելու իրավունք վերապահելով, մեքենայի բեռնախցիկը բացելու ապօրինի պահանջ են ներկայացրել մեքենայի վարորդին:

Առանց հիշյալ պահանջը կատարելու՝ ավտոմեքենայի բնականոն ընթացքին խոչընդոտելու նպատակով, 39-ամյա տղամարդը, նախապես ձեռք բերված գաղտնի փականով դանակի գործադրմամբ, որը փոխանցվել էր նրան հավաքի 17-ամյա մասնակցի կողմից, հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենայի անվադողին: Արդյունքում՝ տևական ժամանակ խոչընդոտվել է ավտոմեքենայի բնականոն ընթացքը, հավաքի այլ մասնակիցների մոտ առաջացրել անհանգստություն, որի արդյունքում մեքենայի վարորդը ստիպված է եղել կատարել հավաքի մասնակիցների ապօրինի պահանջը՝ բացել մեքենայի բեռնախցիկը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ: