18/05/2024

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։

Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։

2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» աշտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել է փորձանմուշ։

Իրականացված քննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ առերևույթ սպանությունը կատարել է տղամարդու 42-ամյա համաքաղաքացին։

Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս դեպքի օրը միմյանց հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, ինչից հետո Կոտայքի մարզի բնակիչը 35-ամյա տղամարդուց հաշվեհարդար տեսնելու նպատակով ևս 2 անձի հետ ուղևորվել է Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիր, որտեղ գտնվել է տղամարդը։

Երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցի տարածքից, նրա համաքաղաքացին իր հետ հյուրանոցի տարածք եկած անձանցից մեկի հետ մոտեցել է նրան։ Սկսվել է վիճաբանություն, ինչի ընթացքում 42-ամյա տղամարդը իր մոտ պահվող առարկայով հարվածել է 35-ամյա համաքաղաքացու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Այնուհետև, միջադեպի պահին 42-ամյա տղամարդու հետ եղած անձը, վերջինիս բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով նրան տեղափոխել է Կոտայքի մարզ, որից հետո նույն ավտոմեքենայով վերջինիս տարել է անհայտ ուղղությամբ։

Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին 42-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա ծանոթի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարույթային անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի: