27/07/2024

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում․ Տեսանյութ

Ապրիլի 25-ին Կենտրոնական բաժնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել: Անհայտ քաղաքացին հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում մոտ քսան հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է: Ոստիկաններն արձագանքել են, տեղյակ է պահվել նաև տարածքում ծառայող պարեկներին:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են վնասված «Տեսլա» մակնիշի մեքենա, իսկ նեսում՝ արյան հետքեր:

Րոպեներ անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում ստացվել է նոր հաղորդում. 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդու:

Փաստորեն, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, դիտավորությամբ վնասվել է գույք և պատճառվել է, ինչպես հետո է պարզվել, միջին աստիճանի մարմնական վնասվածք:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ ժամը 21:40-ին մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում հայտնաբերվել, հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել հինգ երիտասարդ, որոնցից չորսը` Գավառ և Մարտունի քաղաքների բնակիչ:

Ընդ որում, հինգերորդի` Նուբարաշենի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի երկու դանակ:

Պարզվել է՝ ամեն ինչ սկսվել է նախորդ օրը`կենցաղային հողի վրա, երիտասարդները իրար չեն հասկացել, շեղ են նայել միմյանց, սկսվել է վիճանբանություն:

Հետագա միջոցառումներով իրավապահներին հաջողվել է պարզել միջադեպի մասնակից ևս երկու անձի ինքնություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Վարդենիս քաղաքի և Ակունք գյուղի 27-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: