08/09/2024

Ռեիսիի մահը բացահայտել է խորքային քննարկումների մի ողջ փաթեթ Իրանում

Հայտնի են դարձել Իրանի նախագահի առաջադրված թեկնածուների անունները: Ըստ գործող կարգի, վերջնաժամկետը հունիսի 3-ն է, բայց, դատելով հրապարակված անուններից, հազիվ թե առաջիկա երկու օրում որեւէ անակնկալ լինի:

Նախագահի պաշտոնի հավակնորդ են Մեջլիսի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Գերագույն հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալալին, անցած ընտրություններում Ռեիսիի «բարեփոխիչ» մրցակից, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Համաթին, խորհրդարանի գործող եւ նախկին պատգամավորներ:

Իրանի ընտրական կարգը նախատեսում է, որ առաջադրված թեկնածուները «փորձաքննություն անցնեն» սահմանադրության Պահապանների խորհրդում: Ամերիկյան Statfor վերլուծաբանական կենտրոնը եզրակացրել է, որ Իրանում նախագահական ընտրապայքարը ծավալվելու է «ԱՄՆ հետ բանակցությունների դոսյեն վերահսկելու շուրջ»: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերին ասել է, որ Վաշինգտոնի հետ «տեղեկությունների փոխանակումը շարունակվում է»:

Այդ բանակցություններն ընթանում են Բաղերիի «կոորդինացիայով» եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Գերագույն հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալալիի «աչալուրջ հսկողության ներքո»: Ռուսաստանյան մամուլը կանխատեսում է, որ Իրանի նախագահական ընտրություններով տեղի կունենա «պահպանողական թեւի վերախմբավորում»: Թեհրան-Վաշինգտոն գաղտնի բանակցությունների ընդհանուր գնահատկանն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում «փոխըմբռնման դեպքում Վաշինգտոնը կարող է մեղմացնել պատժամիջոցները»:

Ռուսաստանյան Regnum-ի մեկնաբանի կարծիքով՝ «սահմանագծային միջուկային երկրի կարգավիճակն այս փուլում Իրանին բավարարում է»: Կարելի է հասկանալ, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը «պատժամիջոցների թուլացման դիմաց կարող է առկախել միջուկային զենքի ստեղծումը՝ պայմանով, որ բոլոր տեխնոլոգիաները պահպանվում են»:

Reters-ի խմբագրականը, որի առանցքանին գնահատականները փոխանցում է inosmi.ru-ն համարում է, որ Իրանի «նախագահի ընտրությունը կանխորոշելու է նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի իրավահաջորդի հարցը»: Խորհրդարանի նախկին խոսնակ Լարիջանին, որ անցյալում գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, զբաղեցրել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը, հայտնի է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ հետ բանակցություններում կոշտ դիրքորոշմամբ:

Անշուշտ, այդ հարցում սկզբունքային է Գերագույն հոգեւոր առաջնորդի մոտեցումը, որ նա համաձայնեցնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության հետ: Ի՞նչ որոշում է ձեւավերվելու, Իրանը բավարարվում է «սահմանագծային միջուկային տերության» կարգավիճակով, թե՞ պնդելու է միջուկային զենք ունենալու իրավունքը: Եթե երկրորդ մոտեցումը գերիշխի, ապա Մերձավոր Արեւելքում միջուկային մրցավազքն անխուսափելի կդառնա:

Ըստ որոշ տեղեկությունների, Իրանը Միացյալ Նահանգների առաջարկում է «Իսրայելին զրկել միջուկային զենքից»: Վաշինգտոնի եւ Երուսաղեմի մջեւ հարաբերությունների լարվածության գլխավոր պատճառը, թերեւս, Իրան-ԱՄՆ կոնֆիդենցիալ բանակցությունների նկատմաբ հրեական պետության կասկածամտությունն է:

Ռեիսիի մահը բացահայտել է խորքային քննարկումների մի ողջ փաթեթ, որտեղ առանցքային երկրորդ հարցը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրն է, որի ստորագրումը երրորդ տարին է՝ հետաձգվում է «վերջին մանրամասնությունները լրամշակելու» պատճառաբանությամբ: Հայաստանի համար, թերեւս, կարւոր է լինելու, թե Իրանի նոր նախագահը Միացյալ Նահանգների հետ կոշտ հարաբերությունների գիծ կվարի, թե կոնֆիդենցիալ բանակցությունները ֆորմալացնելու քայլ կկատարի: