22/12/2024

3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը

Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից։

Կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտու անվտանգության աշխատակիցները:

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է։ Դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ աղջիկը կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ: