13/07/2024

Ինչպե՞ս կզարգանար Իրան-ԵԱՏՄ երեւանյան առաջին քայլը, եթե չլինեին ․․․

Իրանը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Հավանաբար խոսքն այն մասին է, որ տարեվերջին տեղի ունեցող ԵԱՏՄ վեհաժողովի ընթացքում կկայացվի Իրանի դիտորդական կարգավիճակի վերաբերյալ որոշում: Իրանն ու ԵՏՄ-ն այժմ ունեն ազատ առեւտրի մասին համաձայնագիր: ԵՏՄ-Իրան առավել մոտ հարաբերության սկիզբը դե ֆակտո դրվել է Երեւանում, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցեց Երեւանում տեղի ունեցող ԵՏՄ վեհաժողովին:

Հայաստանը հրավիրել էր Իրանի նախագահին ու Սինգապուրի վարչապետին: Դա ԵՏՄ առաջին վեհաժողովն էր, որին մասնակցում էին նաեւ այլ երկրների նախագահներ, այդ թվում եւ բնականաբար Իրանի, ինչը առավել նշանակալին էր, հաշվի առնելով Թեհրանի ռեգիոնալ դերակատարումը: 2020 թվականին արդեն իրադարձությունները զարգացան բավականաին անսպասելի սցենարով, այդ թվում անմիջականորեն Իրանի շուրջ:

2020 թվականի հունվարին սպանվեց իրանական աշխարհաքաղաքականության առանցքային ֆիգուրներից մեկը՝ Ղասեմ Սուլեյմանին, սպանվեց ԱՄՆ նախագահի քաղաքական որոշումով, ինչը ինքնին աննախադեպ էր միջազգային հարաբերություններում: Հետո արդեն կորոնավիրուսի համաճարակն էր, որի առաջին հարվածներից մեկը զգաց նաեւ Իրանը: Համաշխարհային հարաբերությունների կանգնեցված ընթացքը շատ բան փոխեց դրանց տրամաբանության մեջ:

Ինչպե՞ս կզարգանար Իրան-ԵԱՏՄ երեւանյան առաջին քայլը, եթե չլինեին վերը նշված եւ դրանցով պայմանավորված այլ գործոնները, բարդ է ասել: Ներկայումս սակայն համաշխարհային իրողություններն ունեն բոլորովին այլ տրամաբանություն եւ Իրան-ԵԱՏՄ փոխգործակցության ֆորմալության աստիճանի բարձրացումը անկասկած նոր տրամաբանություն է ենթադրելու նաեւ կովկասյան ռեգիոնի համար:

Առավել եւս այն պարագայում, երբ գրեթե զուգահեռ Թուրքիան էլ հայտարարում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկության մասին, ասելով, որ ակնկալում է այդ հարցում առաջընթաց հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ վեհաժողովի ընթացքում: Ֆիդանն այդ մասին հայտարարել է ԲՐԻԿՍ հիմնադիր-անդամ առանցքային երկրներից մեկում՝ Չինաստանում:

Ըստ էության, Իրան-ԵԱՏՄ ու Թուրքիա-Բրիկս հարաբերությունների կամ ինտեգրացիայի խորացումը հիմնավորապես նոր աշխարհտնտեսական եւ աշխարհաքաղաքական միջացվայր է ձեւավորելու նաեւ Կովկասում: Ինչպես առիթ եմ ունեցել խոսելու վերջերս, մենք ըստ էության ականատես ենք նաեւ Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերության տրանսֆորմացիայի, որտեղ նկատելի առաջին պլան է գալիս տնտեսությունը:

Կարծես թե այդ տրամաբանությունը դառնում է բնորոշ ռեգիոնալ շղթայի տրամաբանությամբ: Սա առանցքային ուշադրության հանգամանք է, հաշվի առնելով այն, որ անվտանգային ճարտարապետությունը սովորաբար ձեւավորվում է տնտեսական ճարտարապետությանը համահունչ: Հայաստանն այստեղ ունի կատարելու տնային բավականին մեծ աշխատանք: