Նախօրեին «սրբազան պայքարին» միացած Արթուրների ցանկը համալրվեց. Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանից, «Դոն Պիպո» անունով հայտնի «կրիմինալ ավտարիտետ» Արթուր Ասատրյանից բացի միացավ ևս երկու Արթուր՝ 2000-ականներին միջազգային մամուլի «թոփ նյուզի» հերոսներ «Արթուր եղբայրները»։
Այս վերջին համալրումը իրապես սկանդալային կարելի է համարել՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ իշխանափոխության օրակարգով տեղի ունեցող շարժմանը միացած եղբայրները հայտնի են որպես աֆրիկյան երկրներում հեղաշրջման մեղսակիցներ, ինչպես նաև «վարձու մարդասպաններ», որոնց անունը շրջանառվել է նաև հակաիրավական մի շարք գործարքներում։ «Մեզ միացել են մեր շատ սիրելի ընկերները, բարեկամները Քենիայից։
Երևի լսած կլինեք՝ «Արթուր բրադըրս», այսպես են իրենք հայտնի։ Մանրամասները չեմ ասում… վերջը, շատ հետաքրքիր հայորդիներ են, հոգով, սրտով, մտքով, կյանքով նվիրված…»,- երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում, ներկայացնելով այս «հետաքրքիր հայորդիներին», հայտարարեց Վազգեն Գալստանյանը և որպես վերջիններիս միակ արժանիք շեշտեց նրանց բազմազավակ լինելը՝ մեկն ունի 5, մյուսը՝ 8 երեխա։ «Մենք էլ շատ մտածել ենք էս ազգի մասին, մի քիչ իրավաբանություն ենք սովորում, որ գիտելիքներս հերիքի՝ գալ հետագայում շարժում սկսել ՀՀ-ում, բայց մենք գտնում ենք, որ էսի ամենաճիշտ շարժումն ա, ու միանում ենք դրան։ Էս էն շարժումն ա, որ Ալիևն ա վախենում, էսի էն շարժումն ա, որ ղեկավարությունն ա վախենում»։ Քենիայի հայազգի աջակիցը նշել է նաև, որ անհատի հետևից չգնա ժողովուրդը, այլ՝ գաղափարի հետևից, որպեսզի հաղթի։
Ի դեպ, հեռավոր աֆրիկյան երկրից ՀՀ եկած քենիացի մեր հայրենակիցների՝ սրբազան շարժմանը միանալու լուրը մեզ հիշեցրեց մեկ այլ հոգևորականի՝ մոտ մեկ տարի առաջ արած հայտարարությունը։ Խոսքը Գալստանյանին հոգով-սրտով-մտքով և ֆիզիկապես աջակցող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ կայքերից մեկի հետ հարցազրույցում հնչեցրած հետևյալ մտքի մասին է. «…Չունենք ազգային անվտանգություն, որովհետև եթե ազգային անվտանգություն ունենայինք, ուրեմն պիտի լիներ այն, ինչ պիտի լիներ, ինչը լինում է նույնիսկ աֆրիկյան երկրներում»։ Աջապահյանն այս միտքը հնչեցրել էր այն շրջանում, հիշեցնենք, երբ Նիգերում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Հարկ է նկատել, որ բրիտանական Independent-ի տեղեկություններով՝ Նիգերը մեկն է աֆրիկյան այն պետություններից, որտեղ գործում են ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները։ Երբ civic.am-ը աֆրիկյան երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ենթադրաբար ոգեշնչված Աջապահյանին խնդրեց պարզաբանել վերոհիշյալ իր միտքը, Շիրակի թեմի առաջնորդը իրեն հատուկ ոճով նետեց. «Չեմ պարզաբանի, ինչը ազգային անվտանգությանն ուղղված է, թող այդ մարմինը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ պիտի պարզաբանեմ, հո ամեն ինչ պարտավոր չե՞մ պարզաբանել»։ Դիտարկմանը՝ քանի որ աֆրիկյան երկրներն եք հիշատակում, ենթադրում եմ՝ ռազմական հեղաշրջման ակնարկ եք անում, Միքայել արքեպիսկոպոսն արձագանքեց. «Այդ մասին ակնարկ շատ էլ արել եմ, այնքան եմ արե՜լ, պատերազմի օրոք էլ եմ արել այդ ակնարկը, այնպես չէ, որ չեմ արել։ Եղա՞վ»։
Զարգացնելով նույն միտքը՝ Աջապահյանն արդեն 2023 թ. սեպտեմբերի 26-ին էր հայտարարել, թե՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո պարբերաբար խոսել է ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։ «Պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը՝ պետականության և Արցախի փրկության համար։ Չարեցին, և մեղքը իրենց վրա է»,-հայտարարել էր Շիրակի թեմի առաջնորդը։ Այս տարվա փետրվարին էլ վերջինս մի խումբ ընդդիմադիրների հետ հավաքի ժամանակ ազդարարել էր. «Իշխանությունը փոխելու երեք ճանապարհ ես գիտեմ՝ ընտրություն, հեղաշրջում կամ էլ ժողովրդական ապստամբություն։ Կա՞ չորրորդը, դուք էլ ասեք։ Երեքն էլ սուբյեկտիվորեն անհնարին է, օբյեկտիվորեն հնարավոր է, եթե վերանանք մեր իրականությունից՝ հնարավոր է»։
Արդ, այս համատեքստում հետաքրքրական է՝ «Արթուր եղբայրները» ՀՀ են ժամանել սոսկ որպես աջակից միանալո՞ւ շարժմանը, թե՞ միանալը ենթադրում է նաև որոշակի ծառայությունների մատուցման «փաթեթ»՝ ՀՀ-ում աֆրիկյան երկրների օրինակով՝ հեղաշրջմամբ իշխանազավթում կազմակերպելու համար։ Աֆրիկյան փորձը, ինչպես վկայում են Մայր Աթոռի ներկայացուցչի հրապարակային հայտարարությունները, ոչ միայն մերժելի չէ, այլև, փաստորեն, օրինակելի։ Եթե չասենք՝ միակ տարբերակը ստեղծված իրավիճակում, երբ Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժումն օրըստօրե մարում է և կանգնել է փակուղու առաջ։
Հիշեցում՝ 2006 թվականին Արթուր եղբայրները՝ Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանը, հայտնվել էին Քենիայում ծագած քաղաքական սկանդալի կիզակետում: Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան, հայազգի եղբայրներին մեղադրել է, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Սարգսյանը և Մարգարյանը հերքել էին մեղադրանքները։ Ապա ասուլիս էին հրավիրել մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում, և հայտարարել. «Մենք վարձկաններ չենք, բայց եթե նույնիսկ լինեինք, ձեր կառավարությունը բավարար փող չէր ունենա մեզ վարձելու համար»:
Եղբայրները նաև պնդել էին, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է և ոսկու ու թանկարժեթ քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում և Աֆրիկայում: Գերմանական գործակալություններից մեկի վկայությամբ էլ՝ Արթուր Սարգսյանը նաև պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը:
Արթուր եղբայրները հայտնի են նաև Մալդիվներում իրենց արկածներով։ Նրանց գործունեության վտանգավոր լինելու մասին այդ երկրում սկսեցին խոսել նաև 2013-ին։
Մալդիվներում այս անձինք հիմնել էին «Artur Brothers World Connections» անվանումով ընկերություն, որը մատուցել է բազմազան ծառայություններ՝ զվարճանքներ, անշարժ գույք, անվտանգություն, կազինո, ավտոմեքենաների վաճառք, հյուրանոցների բիզնես և այլն: Հայազգի այս անձանց գործունեությունն ընդհուպ տեղի պառլամենտում քննարկման են արժանացրել։ Որոշ պատգամավորներ հայտարարել էին, թե «եղբայրները» սպառնալիք են ներկայացնում Մալդիվների ազգային անվտանգությանը, և որ անհրաժեշտ է հետաքննել, թե ինչպես և ում օգնությամբ են նրանք հայտնվել իրենց երկրում։ Հնչել էին պնդումներ, թե նրանց օգնել են իշխանությունները՝ նախագահի մակարդակով։ Սկանդալային գործունեությամբ հայտնի այս անձինք, փաստորեն, ազդեցիկ ինչ-որ ձեռքի աջակցությամբ կարողացել են ազատվել պատասխանատվությունից, այժմ էլ, փաստորեն, ՀՀ են եկել՝ միանալու «ամենաճիշտ շարժմանը»։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար