«Դա մի հարց է, որի պատասխանը կողմերը պիտի տան», ասում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ի պատասխան Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Ազատության հարցի:
Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիեւն օրերս բարձրաձայնեց, թե դիմել են Երեւանին, որպեսզի միասին խնդրեն ԵԱՀԿ-ին լուծարել խումբը եւ դրա հետ կապված ենթակառուցվածքները, այսինքն՝ համանախագահությունը:
Ալիեւը հայտարարել է, թե, եթե Երեւանը մերժի այդ առաջարկը, կնշանակի, որ «շարունակում է Ադրրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունը»: Եվ ահա, դրա վերաբերյալ հարցին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը արձագանքում է, որ այդ հարցի պատասխանը պետք է տան կողմերը իրենք:
Վաշինգտոնն այդպիսով պատասխանատվությունը թողնում է Երեւանի վրա: Բայց, այդուհանդերձ դա պատասխան չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները, եւ նաեւ համանախագահ երկրների եռյակը պետք է թերեւս հստակ դիրքորոշում արտահայտեն, թե արդյո՞ք իրենք համարում են, որ խմբի գոյությունը այլեւս ավելորդ է եւ խումբն ու համանախագահությունը պետք է լուծարվեն:
Թե՞ ամերիկացի դիվանագետն իր պատասխանով Երեւանին տալիս է որոշակի քարտ-բլանշ, ըստ էության հավանության չարժանացնելով Ալիեւի միտքը եւ ասելով, որ պետք է որոշեն կողմերը: Այսինքն, եթե կողմերը չորոշեն, ապա Մինսկի խումբը պետք է շարունակի առնվազն դե յուրե գոյությունը, որքան էլ դե ֆակտո այսօր այն չի գործում:
Միեւնույն ժամանակ, Ալիեւը Երեւանի հանդեպ կիրառում է շանտաժ՝ եթե չընդունեք առաջարկը, ուրեմն ունեք տարածքային հավակնություն: Հետեւաբար այստեղ եւս շատ կարեւոր է հենց համանախագահ երկրների դիրքորոշումը, առնվազն հստակեցնելու համար, որ Մինսկի խմբի համանախագահությունը երբեք էլ չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին:
Մինսկի խմբի համանախագահությունը եղել է արցախյան հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման մասին, միջազգային սկզբունքների հիման վրա: Եթե համանախագահները այդ հարցում Երեւանին թողնեն Բաքվի դեմ դե ֆակտո մենակ, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբբեջանը իր շանտաժի միջոցով կարող է Երեւանից կորզել նաեւ այդ համաձայնությունը:
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ