Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանը դարձնում է անբարենպաստ երկիր՝ Կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածված հայաստանյան web3 համայնքի կողմից։
Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում ի հայտ է գալիս համապատասխան օրենսդրության մշակման անհրաժեշտություն, ինչը հայաստանյան շուկան գրավիչ կդարձնի նոր ստարտափների և համաշխարհային առաջատար ընկերությունների համար, միևնույն ժամանակ` նվազագույնի հասցնելով ռիսկերը: Իսկ կարգավորումների բացակայությունը կստիպի տեղական ընկերությունների տեղափոխվել ավելի բարենպաստ Web3 կարգավորումներ ունեցող երկրներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄԷ-ն:
Ըստ Կենտրոնական Բանկի ներքին ոչ պաշտոնական կարգավորումների ՀՀ բանկերը ստարտափներին և տեխնոլոգիական պրովայդերներին չեն սպասարկում և հաշիվներ չեն բացում, եթե վերջիններս որևէ ձևով կապված են կրիպտո ոլորտի հետ։ Սա, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններ է ստեղծում ՏՏ կրիպտո ընկերությունների համար Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու հարցում։
Նշված հայտարարությունը ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Web 3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը, Բլոկսթարս ՍՊԸ-ն, CyberHub-ը, Essentials-ը, Hexens-ը, NFT Armenia-ն, Coinstants-ը, Bitcoin Armenia-ն, Layerswap-ը և այլ ընկերություններ, ինչպես նաև web3 ոլորտի առաջատար մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Արտյոմ Հարությունյանը, Էդուարդ Ավետիսյանը, Հայկ Ազարյանը, Սպարտակ Մալխասյանը, Արման Մամյանը, Մետաքսե Ղամբարյանը և այլք։
Ձեզ ենք ներկայացնում բաց նամակի ամբողջական տեքստը։
Բաց նամակ-առաջարկություն Հայաստանի web3 Համայնքի Կողմից
ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը, ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության Նախարարությանը, ՀՀ Կառավարությանը, ՀՀ Կենտրոնական Բանկին
Կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում ի հայտ է գալիս համապատասխան օրենսդրության մշակման անհրաժեշտություն, ինչը հայաստանյան շուկան գրավիչ կդարձնի նոր ստարտափների և համաշխարհային առաջատար ընկերությունների համար, միևնույն ժամանակ` նվազագույնի հասցնելով ռիսկերը: Իսկ կարգավորումների բացակայությունը կստիպի տեղական ընկերությունների տեղափոխվել ավելի բարենպաստ Web3 կարգավորումներ ունեցող երկրներ, ինչպիսիք են, օրինակ, ԱՄԷ-ն:
Ըստ Կենտրոնական Բանկի ներքին ոչ պաշտոնական կարգավորումների ՀՀ բանկերը ստարտափներին և տեխնոլոգիական պրովայդերներին չեն սպասարկում և հաշիվներ չեն բացում, եթե վերջիններս որևէ ձևով կապված են կրիպտո ոլորտի հետ։ Սա, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններ է ստեղծում ՏՏ կրիպտո ընկերությունների համար Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու հարցում։
Վեբ Երեք Զարգացման հիմնադրամը իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ՀՀ Կառավարությանը` կրիպտոարժույթների օրենսդրական փոփոխությունները լավագույնս իրականացնելու հարցում: Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, փոխառել միջազգային լավագույն օրինակները և տեղայնացնել դրանք` հաշվի առնելով հայաստանյան շուկայի առանձնահատկությունները:
Մենք առաջարկում ենք դիտարկել ոչ միայն Եվրոպական Միության կարգավորումները, այլ նաև ԱՄԷ-ի, Սինգապուրի, Հոնկոնգի և ԱՄՆ-ի էլ ավելի նորարարական մոտեցումները հարցին, իբրև հաջողված օրինակներ: Վեբ Երեք Զարգացման հիմնադրամը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթները ինչպես նաև ակտիվորեն զբաղվել բուն օրենսդրության մշակմամբ: Մենք համոզված ենք, որ web3 տեխնոլոգիաների և կրիպտորաժույթների կարգավորումները պետք է լինեն նորարարական, այլ ոչ հետընթացային։
Կենտրոնական Բանկի հայտարարության համաձայն, թվային արժույթները (այդ թվում կրիպոարժույթները) համակարգվելու են նույն տրամաբանությամբ, ինչպես ավանդական ֆինանսական համակարգերը։ Մինչդեռ համանման կարգավորումներ գտնել ավանդական ֆինանսական աշխարհում գրեթե անհնար է բազմաթիվ պատճառներով։ Կարող ենք փորձել ադապտացնել, բայց դա ոչ մի էֆֆեկտիվ արդյունք չի տալու։
Այս ճանապարհով անցում ենք կատարելու նրան, որ ապօրինի գործողություններ անող կազմակերպությունները նույն հաջողությամբ շարունակելու են իրենց գործունեությունը, իսկ մեծ բիզնեսները, նոր կազմակերպությունները և հայտնի անունները չեն կարողանալու օրինական դաշտում գործունեություն ծավալել, այսինքն նման կարգավորումները միայն մեծացնելու են ստվերային գործարքների ծավալը։ Հատկանշական է, որ աշխարհում կրիպտորժույթով կատարված ստվերային գործարքների քանակը ընդհանուր առմամբ 1 տոկոսից քիչ է համեմատած ֆիատով կատարված գործարքների հետ։ Ավելին, կրիպտոարժույթների կարգավորումը կօգնի կառավարությանը հետևել ապօրինի գործարքներին։
Առաջին անգամ պատմության մեջ մենք ունենք եզակի հնարավորություն մեծ ու եկամտաբեր ընկերություններին առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի վերջիններս Հայաստանում մասնաճյուղեր բացեն։ Այսպիսով, եթե ՏՏ ոլորտում անհնար կլիներ մրցակցել Սիլիկոնյան Հովիտի հետ, նոր և արագ զարգացող web3 որլորտում կարելի է ստեղծել մրցակցային պայմաններ։
Այդ պատճառով, բաց նամակ ենք ուղղում համապատասխան մարմիններին՝ հետևյալ առաջարկություններով, որոնք միտում ունեն ՀՀ տնտեսությանը ապահովվել աճ, ՏՏ ոլորտի web3 ուղվածության համար ստեղծել բարգավաճման պայմաններ, ինչպես նաև պետական մակարդակով ունենալ սուվերնություն սեփական միջազգային փոխանցումների հարցում՝ մինիմալիզացնելով ռիսկերը։
Ստորև ներկայացված առաջարկությունների գլխավոր նպատակներից մեկն այն է, որ առաջ քաշված օրենքների ու կարգավորումների արդյունքում խոշոր ընկերությունները նպաստավոր պայմաններ ունենան երկրում գործունեություն ծավալելու և շահագրգռված լինեն տեղափոխվել Հայաստան։
Կրիպտոարժույթների կարգավիճակ
Կրիպոարժույթները պետք է ունենան հատուկ կարգավիճակ, լինելով վճարային միջոցների և ակտիվների համադրություն, հստակ օրենքի ուժով, սակայն առանց որոշակի կազմիչներրի՝ ինչպիսիք են ուղղակի հարկումն ու հայտարարագրումը։
Չփորձել ընդհանրապես կրիպտորաժույթները հարկել, կամ հայտարարագրել, քանի որ, ըստ էության դա շատ բարդ է, և ցանկացած մասնագետ կարող է ցույց տալ, որ դա անգամ անհնար է։ Դիցուք, ինչպե՞ս հարկել, եթե կրիպտոարժույթով բացասական շահույթ է արձանագրվում: Օրինակ ԱՄՆ-ում նմանատիպ փորձառույթյուն կա, եթե բացասական շահույթ է արձանագրվում, հարկերից հանվում է այդ բացասական շահույթը։ Այսպիսով, առաջանում է խարդախության ռիսկ, որովհետև մարդիկ հատուկ հայտարարագրում են արժեզրկվող կրիպտոարժույթներ՝ այդ կարգավորումից օգտվելու համար։
Այս պարագայում ո՛չ հարկելը, ո՛չ հայտարարագրելը արդյունավետ չեն, քանի որ փողերի լվացման ռիսկեր են առաջանում։ Դիցուք, ցանկացած մեկը կարող է 0 արժողությամբ կրիպտոարժույթ հայտարարգրել, որի գինը կարող է ընթացքում շատ արագ աճել։ Այսպիսով առաջ է քաշվում մի կարգավորում, որը լավագույն դեպքում ուղղակի անհնար է իրագործել, իսկ հարկելու համար անհրաժեշտ կլինի կրիպտոարժույթներին տալ լեգալ արժույթի կարգավիճակ։
Կրիպտոարժույթների հատուկ կարգավիճակ տալու արդյունքում կհեշտանա ներդրումային ֆոնդերի ներգրավումը։ Ի շնորհիվ կրիպտոարժույթների, որոնք լեգալ վճարային միջոց են և թույլ են տալիս շրջանցել բարդ բանկային կարգավորումները՝ հնարավոր կդառնա ներդրումներ ներգրավել աշխարհի տարբեր կետերից։ Ինչպես նաև, բարեգործական հիմնադրամիների կողմից կրիպտոարժույթային փոխանցումների ընդունումը նոր շունչ կարող է հաղորդել ոլորտին։ Ամենակարևոր առավելությունը հարկեր չկիրառելու դեպքում օտարերկրյա կապիտալի ներգրավումն է Հայաստանի կողմից, լեգիտիմացնելու նպատակով։
2. Վճարային Համակարգեր
Կրիպտովճարային համակարգերի (տերմինալներ և այլն) կարգավորումը նույն տրամբանությամբ, ինչպես այլ օնլայն վճարային համակարգերինն է (Idram), կարող է նպաստավոր լինել ինչպես տեղացիների, այդպես էլ զբոսաշրջիկների համար, որպեսզի նրանք կարողանան վճարումներ կատարել անմիջապես կրիպտոհամակարգերից։
3. Օնլայն փոխանակման հարթակներ
Օնլայն կրիպտո փոխանակման հարթակները ՀՀ-ում գրանցվելու հեշտ կարգավորում տալ, որպեսզի միջազգային խոշոր խաղացողները կարողանան մասնաճյուղ բացել, նաև ՀՀ իրավասությամբ, ինչպես օրինակ Բինանսը (Binance)-ը Վրաստանում կամ Ղազախստանում։
Այսպիսով մեր քաղաքացիների արված թրեյդինգից գոյացված հարկերը կմուծվեն ոչ թե այլ երկրներում, այլ մեր իսկ երկրում։ Սա կարող է նպաստել օրինապահ մարմինների հետ համագործակցության հեշտացմանը, քանի որ այժմ վերջիններս ստիպված են հարցում ուղարկել այդ փոխանակման հարթակներին՝ որպես ընդունված միջազգային փորձառություն։
4. Ֆիզիկական փոխանակման հարթակներ
Ֆիզիկական փոխանակման կետերին պետք է հարկել որպես սովորական փոխանակման կետերի (օրինակ արտարժույթից դրամ), որպեսզի հարկերը վճարվեն իրենց շահույթից, հնարավորության դեպքում ավելի քիչ։ Քանի որ կրիպտոարժույթներով փոխանցումները խիստ ցածր տոկոսով են կատարվում համեմատած հնացած բանկային համակարգի փոխանցումների, դրանք մրցունակ են, նամանավանդ միջազգային փոխանցումների համար, իսկ եթե դրանք կարգավորվեն ԿԲ կողմից որպես սովորական ֆինանսական փոխանցումներ, կա ռիսկ, որ տեխնոլոգիական առաջադեմ լուծումները արհեստական խոչընդոտների պատճառով կարող են ֆինանսական տեսանկյունից դառնալ անարդյունավետ։
Եթե կրիպտո փոխանակման կետերը փակվեն, այլ ոչ թե խրախուսվեն, կրիպտո փոխանցումները կշարունակվեն կատարվել P2P (ձեռքից ձեռք) տարբերակով, որը կարգավորել հնարավոր չէ և բերում է խարդախությունների վտանգի, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը ։ Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար պետք է խրախուսել օրինական փոխանակման կետերին՝ մրցունակ հարկերով։
KYC (նույնականացում) փոքր ծավալով փոխանակումների համար ցանկալի չէ ունենալ։ Եթե գործարքները խոշոր չափ են կազմելու, այո, ռիսկերից խուսափելու համար կարելի է նույնականացնել հաճախորդին, բայց ավելի փոքր թվերի համար շատ խիստ կարգավորումները կարող են անմրցունակ դարձնել ոլորտը ու ստիպել դիմել P2P-ին։
Վերջին տարիներում Հայաստան մտնող կապիտալի զգալի մասը նաև կրիպոարժույթային փոխանցումների և ներդրումների շնորհիվ է, որը խիստ կարգավորումներով, խիստ նույնականացման կարգավորումներով (KYC) և տոկոսների բարձրացումով կարող ենք կորցնել։ Քանի որ այս շրջանառությունը չի վերահսկվում Միջազգային Բանկերի կողմից, մոխրագույն գոտի (gray zone) ընկնելու հավանականությունը մինիմալ է, եթե ինքներս չսկսենք վերահսկել և զեկուցել մեր իսկ խնդրահարույց դեպքերի մասին։
5. ICO
Ներդնել հեշտացված ICO (սկզբնական կրիպտորարժույթի տեղակայման) գրանցում, կրիպտոարժույթների գրանցում, կրիպտորարժույթների թողարկում և դրանց որակավորման համակարգ, որտեղ ICO գրանցման կարգը հեշտացված է, բայց կան որակավորման մակարդակներ։ Սա թույլ կտա Հայաստանի հարկային դաշտ ներգրավել ICO անցկացնող ընկերությունների՝ առանց հավելյալ ռիսկերի։
6. Մայնինգ գործունեության կարգավորումներ
Մայնինգի ոլորտի հարկումը ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև այսպես թե այնպես շատ բարդ է հաշվել շահույթը մայնինգից։ Էլեկտրական հոսանքի ահռելի չափերի սպառումն արդեն առավելություն կարելի է համարել տնտեսության համար։
Քանի որ կրիպտոարժույթների մայնինգը հնարավոր է ընհատել կամ վերսկսել ցանկացած պահի, այն կարող է գիշերային ժամերին ավելցուկային էներգիայի ծախսի խնդիրը լուծել։ Կարելի է առաջարկել հատուկ էժան տարիֆային պայմաններ, որը միայն կգործի այն ժամերին, երբ ունենք ավելցուկային էներգիա։
Ուրիշ ոչ մի բիզնես նման հնարավորություն չունի, իսկ կրիպտոարժույթների մայնինգը մրցունակ հոսանքի արժեքի շնորհիվ, ունի բացառիկ ճկունություն՝ անջատումներից ու միացումներից չտուժելու, և կարող է շատ գրավիչ լինել ֆերմաներ հիմնելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, իհարկե, եթե ունենանք համապատասխան կարգավորումները։
Եթե փորձում ենք մայնինգ ընկերություններին առանց շահավետ պայմանների դնել մեծ հարկային պարտավորությունների տակ, կորցնում ենք խոշոր ֆերմաներին ներգրավելու մրցունակությունը, որը շատ երկրների ձախողված փորձառություն է։ Մյուս կողմից, փոքր մայնինգ բիզնեսներին բացահայտելը շատ բարդ է, քանի որ դժվար է ասել դրանք ուղղակի սերվերներ են օգտագործում այլ գործառույթների համար, թե մայնինգ ֆերմաներ են։
7. Պետության Թվային Սուվերենություն
Կրիպտոարժույթների ազտականացումը կարող է թույլ տալ Հայաստանին կատարել միջպետական փոխանցումներ այն երկրների հետ, որոնք գտնվում են սանկցիաների տակ, սակայն որոնց հետ պետությունը ցանկանում է պահել առևտրաշրջանառույթյունը։
Ունենալ կրիպտո դրամապանակ (custodial wallet), որպես քաղաքացիների հիմնարար իրավունք, որոնց գաղտնի բանալիներին կտիրապետեն հենց իրենք՝ քաղաքացիները։ Այլ կերպ ասած, մարդու հիմնարար իրավունք՝ ունենալ կրիպտորարժույթ, որպես իր սեփականություն, այլ ոչ թե բանկում կամ այլ կազմակերպությունում պահվող ֆինանսական միջոց։
8. Հավելյալ առաջադեմ կարգավորումներ
Կան նաև հավելյալ կարգավորումներ, որոնք դեռ ոչ մի երկրում չկան՝ իներտ լինելու պատճառով։ Լինելով ավելի արագ և առաջադեմ փոփոխությունների երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավորություններն ունի ստորև նշված կարգավորումները կիրառել և ստանալ մրցակցային առավելություններ։
Հավելյալ կարգավորումներ որոնք կարող են խթանել տնտեսությունը՝
Անշարժ գույքի սերտիֆիկատների տոկենիզացիա
Սմարտ կոնտրակտների օրինական ստատուս ունենալը
Նոտարական համակարգի անցում բլոկչեյն համակարգի
Քվեարկությունների թափանցիկ հարթակ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված
Քաղաքացիների թվային ID-ների համակարգ՝ web3 սկզբունքներով
Հայտարարությունը ստորագրած համայնքի ներկայացուցիչները և կազմակերպությունները հաստատում են, որ պատրաստ են բաց քննարկումների փաստաթղթի շուրջ համապատասխան մարմինների և ներկայացուցիչների հետ։
Բաց մի թողեք
Դոլարը նվազել է. դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Առևտրի կետերում, List.am, Facebook, Tik-Tok և Telegram հարթակներում հետախուզական միջոցառումներ են եղել