08/09/2024

Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Լուսանկարներ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինցզյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

MediaHub-ը գրել է․ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: ԱԺ լրատվական ծառայության տարածած այս հաղորդագրության մեջ բանալի բառերը վերջինն են՝ «եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը»։

Սա այն Գեղամ Նազարյանն է, որ Նիկոլի հետ տարիներով աշխատելուց և պատերազմում որդուն կորցնելուց հետո Նիկոլին հայհոյելով մտավ ընդդիմադիր խմբակցության նախընտրական ցուցակ, դարձավ «ընդդիմադիր» պատգամավոր և կտրուկ դարձավ կառուցողական ընդդիմություն, երբ ոչ տեսնում ես՝ ինչ է կատարվում երկրում, ո՛չ լսում ես, ո՛չ էլ ուզում ես մի թթու խոսք ասել երկիրը կործանման եզրին հասցրածների հասցեին, որովհետև Գեղամի որդին՝ պատերազմում զոհված Աբգարը, «արդեն ներել է Նիկոլին»։ Սա օրերս հենց Նազարյանն է հայտարարել, ոչ թե մեր ենթադրությունն է: Այ դրա համար էլ Գեղամ Նազարյանը կարող է Կիրանցում պրոիշխանական շոուներ անելուց հետո ազատ նստել օդանավն ու ՔՊ-կանների հետ մեկնել Չինաստան՝ վոյաժների։

Իսկ ինչո՞ւ չպիտի մեկնի, ի՞նչն է Գեղամ Նազարյանին կաշկանդում նիկոլական պատգամավորների հետ չգնալ տուրիստական այցերի, այնտեղ ջերմ մթնոլորտում հայրենիքի, պետության և, ով գիտե, նաև հոտնկայս «մեծարգո վարչապետի» կենացը չխմել, այն վարչապետի, որը մինչև 2021 թվականի ընտրությունները մեղավոր էր Գեղամի որդու մահվան մեջ, իսկ մանդատ ստանալուց հետո ո՛չ դավաճան է, ո՛չ մարդասպան, ո՛չ հողատու, ո՛չ էլ որևէ հարցում մեղավոր։

Սա նշանակում է՝ ընդդիմության շարքերում լինել ՔՊ-ականներից ավելի նիկոլական։ Իսկ ի՞նչ պակաս նիկոլական է Գեղամ Նազարյանը, ընդամենը ՔՊ-ի անդամատո՞մսն է պակասում։ Հոգ չէ, մի օր էլ դա էլ կստանա։

Բայց Գեղամ Նազարյանը միակը չէ «Հայաստան» խմբակցությունում, որ իրեն «կառուցողական և պետականամետ» է պահում կամ զգում։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ է սիրում Նազարյան Գեղամի պես ՔՊ-ականների հետ մեկնել վոյաժների, նրանց հետ վիսկի-միսկի խմել, էլի «հանուն հայրենիքի», իբրև թե կառուցողական և պետականամետ դիրքերից հանդես գալ, իսկ այստեղ՝ Հայաստանում, ծպտուն չհանել Հայաստանի պետականությունը քանդուքարափ անող իշխանության հասցեին։

Հիշեք՝ երբեմնի երևելի փոխվարչապետ, նախորդ իշխանությունների օրոք «գորշ կարդինալ» և մեգաինտելեկտուալ հռչակված Արմեն Գևորգյանը վերջին մեկ տարում, օրինակ, որևէ ձայն-ծպտուն հանած կա՞։ Անգամ չեզոք ելույթ չի ունեցել ամբիոնից կամ խորհրդարանի միջանցնքներում՝ տեսախցիկների առջև, էլ չենք ասում՝ որևէ ընդդիմադիր ելույթ։ Իսկ դահլիճում ՔՊ-ականների կողմից իր թիմակիցների վրա հարձակումների, ծեծկտռուքների ժամանակ էլ ինտելիգենտ դեմքով դիտորդի դերում է՝ դե, ինքը կուլտուրական մարդ է, իր ուժն ինտելեկտի մեջ է, ինքը հո չի՞ իջնելու փողոցի մակարդակի և կռիվ անի, նույնիսկ եթե ՔՊ-ականները փողոցայինի պես են իրենց պահում իր թիմակիցների, բայց ոչ, բնականաբար, իր հանդեպ։

Այս իմաստով Գեղամ Նազարյանը համեմատաբար ավելի «ազնիվ» է, քան Արմեն Գևորգյանը․ նա գոնե չի թաքցնում, որ ինքը ներել է Նիկոլ Փաշինյանին, ուստի իրենից լավ կլինի «յան տանք»՝ ինքը Նիկոլին չի քննադատելու։ Իսկ Արմեն Գևորգյանը որևէ բան չի էլ հայտարարել՝ նա ընդամենը լուռ աջակցում է ՔՊ-ին։

Վահե Մակարյան; MediaHub

ՄԻՏՔ.am-ի կողմից – ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը 2023 թվականի մայիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ որպես անշարժ գույք նա հայտարարագրել է երկու հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում։

Գևորգյանը նաև ունի 2008 թվականի արտադրության «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենա։

Ընդդիմադիր պատգամավորի բանկային միջոցները բազմազան են․ նա տարեսկզբին հայտարարագրել է 0 դրամ, որը տարեվերջին դարձել է 958 հազար 758.5 դրամ, 2 հազար 475.73 դոլար, 356 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 2 հազար 476.39 դոլար և 356.24 դոլար։ 107 հազար 607.1 դրամ, որը տարեվերջին պահպանվել է, 2 միլիոն 683 հազար 821.3 դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն 873 հազար 103.1 դրամ։ Ինչպես նաև՝ 6 միլիոն 350 հազար 827 դրամ, որը տարեվերջին դարձել է 6 միլիոն 524 հազար 43.9 դրամ, 7.51 դոլար, 504.48 դոլար, որոնք տարեվերջին պահպանվել են։

Գևորգյանը բանկային միջոցներում հայտարարագրել է նաև 749 հազար 110.01 դրամ, որը տարեվերջին դարձել է 761 հազար 742.11 դրամ, 62 հազար 942.85 դրամ, 207 հազար 269.14 դրամ, որոնք տարեվերջին պահպանվել են։

Նրա կանխիկ միջոցները կազմել են 0 եվրո, որը տարեվերջին դարձել է 850 եվրո, 2 հազար 750 դոլար, 1 մլիոն 250 հազար դրամ, որոնք տարեվերջին պահպանվել են։

Վերջինիս ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 10 միլիոն 642 հազար 38.3 դրամ, որից 5 հազար եվրոն որպես նվիրատվություն ստացել է Գևորգյան Թամարայից և 1 միլիոն 500 հազար դրամը՝ Գևորգյան Ժաննայից։

Որպես այլ եկամուտներ «Կոնվերս» և «Արդշին» բանկերից նա տարվա ընթացքում ստացել է 12 հազար 632.1 և 173 հազար 216.2 դրամ, իսկ ՀՀ Ազգային ժողովից որպես աշխատավարձ՝ 6 միլիոն 836 հազար 640 դրամ:

Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները