20/07/2024

Վաշինգտոնը «քաղաքավարի» մերժում է Բաքվի առաջարկը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հունիսի 20-ի հեռախոսազրույցում հայտնել է, որ վաղուց եկել է Մինսկի խումբն ու համանախագահության գործունեությունը դադարեցնելու ժամանակը:

Ի՞նչ է պատասխանել Էնթոնի Բլինքենը, հայտնի չէ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը խոսելով հեռախոսազրույցի մասին, նշել է, որ պետքարտուղարը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի «աննհապաղ կնքման» անհրաժեշտության մասին:

Ի դեպ, սա հիշեցնում է դեռեւս 2023 թվականի հունվարին Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղարի հորդորը՝ Լաչինի միջանցքը «անհապաղ» բացելու կարեւորության մասին: Միջանցքը ոչ միայն չբացվեց, այլ մի քանի ամիս անց Ալիեւը հարձակվեց բլոկադայից հյուծված Արցախի վրա եւ ենթարկելով էթնիկ զտման ու բռնի տեղահանության, օկուպացրեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը, զուգահեռ նաեւ պատանդառելով Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների:

Արդյո՞ք պետքարտուղար Բլինքենը Մինսկի խմմբի համանախագահության լուծարման վերաբերյալ Ալիեւի դիտարկմանը պատասխանել է այնպես, ինչպես նրա տեղակալ Ջեյսմ Օ Բրայանը Երեւանում արձագանքել էր Ազատություն ռադիոկայանի հարցին, ասելով, որ դա պետք է որոշեն Երեւանն ու Բաքուն: Ինչպես նշել եմ այդ առիթով, սա թողնում է երկիմաստ տպավորություն:

Մի կողմից ստացվում է, որ Վաշինգտոնը «քաղաքավարի» մերժում է Բաքվի առաջարկը, մյուս կողմից սակայն, եթե Երեւանը այդ հարցում մնում է Բաքվի հետ մենակ, ապա մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է շանտաժի միջոցով ստանալ այդ համաձայնությունը:

Հնարավոր է, որ Էնթոնի Բլինքենը խոսելով խաղաղության համաձայնագրի «անհապաղ կնքման» աննհրաժեշտության մասին, Ալիեւին ակնարկել է, որ Մինսկի խմբի եւ համանախագության լուծարման հարցը կարող է քննարկվել միայն խաղաղության համաձայնագրից հետո, իսկ քանի դեռ այն չկա, չի կարող խոսք լինել նաեւ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու մասին:

Սրանք իհարկե ենթադրություն-դիտարկումներ են, քանի որ առայժմ պաշտոնական արձագանքի մասով հայտնի է միայն այն, ինչ Երեւանում ասել է Ջեյմս Օ Բրայանը: Միաժամանակ, կոնկրետ դիրքորոշումներ դեռեւս չկան նաեւ Ռուսաստանից ու Ֆրանսիայից: