25/07/2024

Թեհրանի արտաքին քաղաքականությունը վերափոխումների բարդ փուլ է մտնելու

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք քվեարկության մասնակիցների «կողմ» ձայների կեսից ավելին չի ստացել: Հուլիսի 5-ին նշանակված է կրկնաքվեարկություն:

ԸՆտրապայքարը կծավալվի ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի եւ կոնսերվատոր Սաիդ Ջալալիի միջեւ: Վերջինիս աջակցություն է հայտնել խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ով նախագահական մրցարշավի ֆավորիտ էր համարվում, բայց զբաղեցրել է երրորդ տեղը:

Փորձագետների մոտ տպավորություն կա, որ պահպանողականների ճամբարը կմիավորվի, եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալալին նախագահ կընտրվի: Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, մրցապայքարում առաջին տեղն զբաղեցրած Մասուդ Փեզեշքիանի էթնիկ ազերի լինելու իրողությունն է: Որեւէ տեղեկություն չկա, թե նա առավել քվեներ ստացել է որպես ռեֆորմատո՞ր, թե՞ իրանական Ադրբեջանի ներկայացուցիչ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փեզեշքիանը մի քանի անգամ ընդգծել է իր թուրքական ծագումը, իսկ Թավրիզում նրա հանրահավաքն անցել է իրանական Ադրբեջանում արմատական բարեփոխումների պահանջի կարգախոսներով, հնչել են նաեւ համաթուրքական համերաշխության կոչեր: Ադրբեջանցին կարող է նաեւ Իրանի նախագահ ընտրվել,-այդ օրը գրել է Բաքվի իշխանական լրատվամիջոցը:

Իրանական Ադրբեջանում, իհարկե, կա «միավորման», տրամադրվածություն, բայց այնտեղ համարում են, որ «պատմական Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է»: Իրան-Թուրան ռազմաքաղաքական եւ քաղաքակրթական մրցակցությունը դարերի պատմություն ունի, չնայած իրողությանը, որ Պարսկաստանում էթնիկ թուրքերի երկու արքայատոհմ է իշխել:

Իրանի թուրքախոս բնակչությունը կրկնակի գերազանցում է Ադրբեջանի բնակչությանը, շատ ադրբեջանցիների համար Թավրիզը «Մեքքա» է, էթնիկ ինքնության խորհրդանշանները գտնվում են իրանական կողմում: Վերջին երկու տասնամյակներին Իլհամ Ալիեւը վարել է իսլամի սուննի ուղղության գերակայության քաղաքականություն՝ ի հակակշիռ իրանական ինքնության, որի առանցքում շիադավանությունն է:

Եթե Մասուդ Փեզեշքիանը Գերագույն հոգեւոր առաջնորդի նախագիծն է, իսկ հակառակ դեպքում սահմանադրության Պահապանների խորհուրդը նրա թեկնածությունը չէր հաստատի, ապա, թերեւս, պետք է ենթադրել, որ նպատակն իրանական Ադրբեջանի կառավարելությունն է: Ըստ երեւույթին, իրանական վերնախավը հանգել է եզրակացության, որ նախընտրելի է ներիրանական համերաշխության քայլեր ձեռնարկել, քան թուրքախոս բնակչությունը վերածել արտաքին միջամտության թիրախի:

Ի վերջո, կրոնապետության հնարավորություններն անսպառ չեն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի կարող միաժամանակ եւ արտաքին մարտահրավերների դիմակայել, եւ իր վրա վերցնել երկրի ներքին կայունության ապահովման պատասխանատվությունը:

Մասուդ Փեզեշքիանն, ամենայն հավանականությամբ, պետք է խորհրդանշի ներիրանական էթնո-քաղաքակրթական համերաշխությունը: Բայց եթե Իրանն ընտրի մրցակցության մեջ չպարտվելու այդ «կոդի» գերակայությունը, ապա Թեհրանի արտաքին քաղաքականությունը վերափոխումների բարդ փուլ է մտնելու: Դա մարտահրավեր կլինի, գուցե, առաջին հերթին Հայաստանի համար: