08/09/2024

Երբ Ադրբեջանը կկարողանա ավարտին հասցնել Խաղաղության պայմանագրի տեքստը. ինչ ժամկետ է նշել Ալիևը

Խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը, գոնե դրա հիմնարար սկզբունքների շուրջ, կարող ենք ավարտին հասցնել մի քանի ամսվա ընթացքում:

ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 1-ին ընդունելով Կանադայի դեսպան Քևին Համիլթոնին:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ավարտել աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, առնվազն դրա հիմնական սկզբունքների մասով մի քանի ամսվա ընթացքում: Կարող է տարբերակներից մեկը լինել, որի շուրջ կարելի է համաձայնության գալ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»,- ասել է Ալիևը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ գրեթե ամբողջացրել է խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել այդ ամենը, կնքել խաղաղության պայմանագիր։

«Չենք կարող նույնն ասել Ադրբեջանի մասին։ Ես հավատում եմ, որ իրական հնարավորություն ունենք փակել Հվ․ Կովկասի կոնֆլիկտի էջը՝ խաղաղություն բերելով մեր տարածաշրջանին։ Այդ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար»,- նշել էր Միրզոյանը: