22/12/2024

Արևմուտքն, ի վերջո, Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակներ գործի կդնի՞

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը Հայաստանի վերաբերյալ «մտահոգություն է հայտնել» Ուկրաինայի հարցում «հատուկ ռազմական գործողության կամ բանակցությունների միջոցով առաջադրված խնդիրների լուծման» անհրաժեշտության համատեքստում:

Այդ վերջնագիրը ՌԴ նախագահ Պուտինը հնչեցրել է հունիսի 14-ին՝ Ուկրաինայում խաղաղության միջազգային խորհրդաժողովի բացման նախօրեին:

Որքան էլ փորձենք հաղթահարել դավադրապաշտության սինդրոմը, փաստն անտեսել հնարավոր չէ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի դեմ «ինքնապաշտպանության իրավունքով պրեվենտիվ հարվածներ հասցնելու» սպառնալիք հնչեցրել է Պեսկովի հիշյալ հայտարարությունից մեկ օր անց:

Ընդ որում, տեքստում աչքի է զարնում մի շատ էական հանգամանք. Հայաստանին սպառազինություններ վաճառող միակ երկիր նշվում է Ֆրանսիան, ընդգծվում են հայ-ամերիկյան զորավարժությունները և ԵՄ կողմից հայկական զինուժին ցուցաբերվելիք ֆինանսական, ըստ էության, աննշան օգնությունը: Հնդկաստանի մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ այդ տեքստը հեղինակվել է ոչ միայն Բաքվում:

Այլապես Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը ֆրանսիական հրետանային համակարգ է ձեռք բերում, թե՞ հնդկական հրթիռ կամ ՀՕՊ միջոցներ: Սլաքն ուղղված է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության դեմ, որի «տարածաշրջանում գործունեության հարցը» հուլիսի 23-ին Մոսկվան և Բաքուն քննարկել են փոխարտգործնախարարների մակարդակով, ինչի առթիվ ենթադրել էինք, որ պաշտոնական հաղորդագրությունը միայն այսբերգի վերջրյան մասն է:

Նիկոլ Փաշինյանն, անկասկած, ճիշտ է, երբ ասում է, որ քառասունչորսօրյա պատերազմը «Հայաստանի համար էր»: Դա իրավիճակն ամբողջ խորքով և լայնքով գնահատելու անհրաժեշտ պայման է, որին պետք է, թերևս, հաջորդի հարցը՝ «Իսկ Ալիևի դիվանագիտական պատերազմն ինչի՞ համար է»: Եթե այս հարցի պատասխանը չունենք կամ չենք ուզում հրապարակայնացնել, ապա ստացվում է, որ Հայաստանը վերադառնում է 2016-20 թվականների «կամուրկացի ռեժիմին»:

Դա չափազանց մեծ շռայլություն է: Եվ, գուցե, փորձագետները, վերլուծաբանները, ոչ ինստիտուցիոնալ ընդդիմությունը պիտի համարձակություն ունենան և ձևակերպեն, որ Ալիևի նպատակը, որը բացահայտորեն կոռեկտվում է Մոսկվայի աշխարհաքաղաքական ծրագրավորմամբ, մեկն է՝ հասնել նրան, որ Կովկասում խաղաղություն հաստատվի ոչ թե հայ-ադրբեջանական, Երևան-Բաքու, այլ՝ «Հայաստանի մասին» պայմանագրով:

Այստեղ արդեն «պրեվենտիվ հարվածի» սպառնալիքը զուտ ձևական առումով է ադրբեջանական: Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Սիրիայի նախագահին և ուղևորվել Սանկտ-Պետերբուրգ, որտեղից Բելառուսի նախագահի հետ մեկնել է Կարելիա և փակ հանդիպում սկսել: Ի՞նչ է կանխատեսվում, եթե նույն օրը Էրդողանն ԱԽ նիստ է հրավիրել՝ օրակարգում դնելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը:

Բաքուն փաստացի Արևմուտքին սպառնում է Կովկասում նրա դեմ երկրորդ ճակատ բացել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից է մնում կամ մնալո՞ւ է: Արևմուտքն ի վերջո Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակներ գործի՞ կդնի: Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման ռեսուրս ունի՞: Մի իրողություն պետք է ընդունել. մտավարժանքների տեղ այլևս չկա: