Նախագահ ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող է Ուկրաինայի համար 500 միլիարդ դոլարի լենդ-լիզի ծրագիր մշակել և չեղարկել մատակարարվող սպառազինությունների մոդիֆիկացիայի և գործածման բոլոր սահմանափակումները, The Wall Street Journal-ի հեղինակային հոդվածում կանխատեսում է արել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մարկ Պոմպեոն, փոխանցում է inosmi.ru-ն:
Նախկինում Թրամփի շրջապատից տեսակետ էր փոխանցվել, որ Ուկրաինան կարող էր բանակցություններում ավելի ուժեղ դիրքեր ապահովել, եթե Բայդենի վարչակազմը մի քանի ամիս չձգձգեր ռազմական օգնությունը:
Այդպես, իհարկե, կարող էր լինել: Խնդիրն այն է, որ Ուկրաինային ռազմական օգնության ձգձգման պատճառը, համենայն դեպս՝ տեղեկատվական ֆոնն այդ էր, Կոնգրեսի հանրապետական մեծամասնության կոշտ հակազդեցությունն էր: Բայց դա անցած փուլ է և այլևս՝ ոչ ակտուալ: Բուն խնդիրը նախագահի թեկնածու Թրամփի «խաղաղության աղավնուց» պատերազմի «ճուռակի» փոխակերպումն է:
Նախապես նա հանդես էր գալիս «քսանչորս ժամում ուկրաինական պատերազմը կանգնեցնելու» վստահությամբ, իսկ քարոզարշավից Բայդենի հրաժարվելուց հետո նրա շրջապատն ամերիկյան ընտրողներին և միջազգային գործընկերներին ներշնչում է, որ նախագահ ընտրվելու դեպքում Թրամփը Ռուսաստանի հետ որևէ սեպարատ համաձայնության չի գնա, Ուկրաինայի համար կանի ավելին, քան՝ դեմոկրատական վարչակազմը:
Թրամփի փոխակերպումը պայմանավորված է ամերիկյան ընտրողի տրամադրվածությա՞մբ, նրա թիմը սոցիոլոգիական հարցումներ է արել և պարզել, որ պացիֆիզմը պահանջված չէ՞, ուղեղային կենտրոնները եկել են եզրակացության, որ Պուտինի հետ Թրամփի համաձայնությունը Եվրոպան և ԱՄՆ-ի այլ դաշնակիցները չե՞ն ընդունի, և դա կհանգեցնի եվրա-ատլանտյան ալյանսի տրոհման՞:
Եթե ամերիկյան միջին վիճակագրական ընտրողը դեմ է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ Եվրոպայի թիկունքում «աշխարհի վերաբաժանման համաձայնություն կնքի», ուրեմն Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրելու Մոսկվայի հնարավորությունը չափազանց նվազում է: Իսկ եթե Թրամփին Եվրոպայից են ակնարկել, որ Արևմուտքի մասնատումը համաշխարհային ճգնաժամ կառաջացնի, և նա ընդունել է, ապա պետք է համակերպվել, որ ուկրաինական պատերազմը տեսանելի ապագայում չի ավարտվի:
Անշուշտ, չափազանցություն կլիներ ասել, որ Թրամփի շրջապատից ազդակները նրա նախընտրական ծրագրից են կամ ընտրվելու դեպքում դրանք ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում են դրվելու, և նա անշեղորեն առաջնորդվելու է դրանցով:
Բայց, երևի, Թրամփի փոխակերպմամբ է պայմանավորված, որ Ռուսաստանը ռազմա-աշխարհաքաղաքական գործընթացներ է խթանում: Խոսքը նաև ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրին է վերաբերում, որը նախատեսված է ստորագրել հոկտեմբերին՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում:
Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակաիրանական ռազմական կոալիցիա ստեղծելու նախաձեռնությամբ: Ընդ որում, Նաթանյահուն այդ մասին խոսել է Վաշինգտոն այցի շրջանակներում: Մյուս կողմից, երևում է, Թուրքիան փորձում է արագացնել «թուրանական բանակի» ինստիտուցիոնալացումը, ինչին, կարծես, ԱՄՆ-ը հակազդում է Կենտրոնական Ասիա-Հարավային Կորեա և Կենտրոնական Ասիա-Ճապոնիա համագործակցությամբ:
Ձևավորվում է չափազանց բարդ միջավայր, որտեղ Հայաստանի անվտանգության համակարգի ինստիտուցիոնալացումը գերխնդիր է՝ առնվազն քաղաքական իմաստով: Բաքուն հանդես է գալիս Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում դերակատարի դիրքերից: Եթե Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահ ընտրվի, Բաքուն կմնա՞ այդ «ծիրում»:
Բաց մի թողեք
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ