22/12/2024

Տղամարդը փորձել է հրացանով վախեցնել թափառող շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել 86-ամյա հարևանին

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղին ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմում-մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Դավիթ Ս․-ն և ներկայացրել է իր անվամբ հաշվառված 12 մմ տրամաչափի «BEKAL-12» տիպի ողորկափող հրացանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում իրենց տանը կից հողամասում մորու թփերի մեջ գտնվող թափառական շներին վախեցնելու նպատակով իրեն պատկանող նշված հրացանով մեկ անգամ կրակել է շների ուղղությամբ, սակայն իր համար անտեսանելի մորու թփերի հակառակ կողմից լսել է մարդու ձայն և մոտենալով տեսել է իր հարևան 86-ամյա Ժորա Բ․-ին՝ գետնին ընկած, ով արնահոսել է և վերջինիս անմիջապես տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Աջ գլյուտալ շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժորա Բ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: