22/12/2024

Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, Թրամփի ընտանիքի բիզնես-գործընկերն է

Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Միրկադիրովը սոցիալական ցանցերում վերլուծությամբ եզրակացության է եկել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի պետական-ազգային շահերին չի նպաստի:

Նա համոզված է, որ Պաղեստինի հարցում Թրամփը միանշանակորեն սատարելու է Իսրայելին, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան չի հասնի Գազայի հատվածի երաշխավորի դերին, ինչին ձգտում է Էրդողանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա համարում է, որ եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի Պուտինի պայմաններով, ապա նա անցնելու է ամբողջ հետխորհրդային տարածքի «ինտեգրման» ծրագրին, Հայաստանում իշխանության է բերելու իրեն հավատարիմ ուժերի, որոնք չեղարկելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման «որոշումը»:

Միրկադիրովը գտնում է, որ եթե Թրամփը և Պուտինը սկզբունքային համաձայնության հասնեն, ապա Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում աշխարհաքաղաքական գործոն չի լինի, հետևաբար՝ նաև Ադրբեջանը:

Նա գրեթե համոզված է, որ Թրամփը Սիրիայի հյուսիսի քրդական խմբավորումների հսկողությունը «կփոխանցի Ռուսաստանին և Իրանին»: Ադրբեջանցի վերլուծաբանի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսի քրդական ուժերին «Թուրքիայի դեմ հարձակումներից զսպում է, իսկ Ռուսաստանը և Իրանը նրանց ազատություն կտան»:

Բաքվի քարոզչությունը նման դեպքերում նույնքան նենգամիտ է, եթե նույնիսկ հեղինակվում է Իլհամ Ալիևի կողմից ձերբակալված, ապա երկրից արտաքսված Միրկադիրովի կողմից: Նման դիտարկումները, շատ հավանական է, հասցեագրված են նաև հայ հանրության որոշակի խավերին այն իմաստով, որ կարող է գործել «այն, ինչ Ադրբեջանի դեմ է, Հայաստանի համար բարիք է» ստերեոտիպը:

Այդուհանդերձ, ուշադրության է արժանի Ալիևի առաջատար քարոզչամիջոցի՝ Լատվիայի նախկին նախագահ Զատլերսի հետ հարցազրույցը, որի առանցքային միտքը, թերևս, այն է, որ նա Ուկրաինայի հարցում Պուտինի նախապայմաններով համաձայնությունը բացառում է:

Նա իրավիճակը համեմատում է ԽՍՀՄ կողմից Աֆղանստան ներխուժելու հետ և ասում, որ ինչպես այն ժամանակ Միացյալ Նահանգները, անկախ վարչակազմի կուսակցականությունից, մոջահեդներին բաց և գաղտնի աջակցություն է ցուցաբերել, այնպես էլ այսօր Վաշինգտոնը շարունակելու է Կիևին աջակցությունը:

Լատվիայի նախկին նախագահը վկայակոչում է իր փորձը և հրապարակայնացնում, որ Մերձբալթիկայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությունը Թրամփի իշխանության շրջանում ավելի արդյունավետ է եղել, քան Օբամայի նախագահության ութ տարիներին: Զատլերսը խոստովանում է, որ նախընտրական քարոզչությունը և գործնական քաղաքականությունը նույնական չեն:

Մանավանդ, որ ամերիկյան քաղաքականությունը միայն նախագահի կուսակցական պատկանելիությամբ և անձնական որակներով չի որոշվում: Մեծ տերությունների մտածողությունը սկզբունքորեն չի փոխվում, քանի որ ի սկզբանե ներդրված է պահպանողականություն,- ամփոփում է Լատվիայի նախկին նախագահը:

Ըստ երևույթին, Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին վրիպել է՝ օկուպացված Շուշիից Թրամփին գրեթե շնորհավորելով ԱՄՆ «նախագահ ընտրվելու կապակցությամբ»: Եվ փորձում է սեփական հանրությանը Թրամփի «նոր կերպար» ներշնչել: Ընդսմին, դա տեղի է ունենում ռուսաստանյան նարատիվի հետ զուգահեռ: Ռուսաստանցի փորձագետները չեն թաքցնում, որ Թրամփի հետ կապված սպասումները «խիստ հարաբերական են»:

Նրանք կասկածում են, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքից կհեռանա: Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Միացյալ Նահանգներում քաղաքական միջսեզոնի հարցը քննարկե՞լ է: Տպավորություն է, որ՝ այո: Բաքվում Թրամփի «նոր կերպարի» քարոզչությունը, կարծես, այդ քննարկումների արձագանքն է: Թրամփի և Նաթանյահուի ջերմ գրկախառնությունը չի կարող Էրդողանին չանհանգստացնել: Բաքվի ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածու Էլթոն Մամեդովի գրանցումը չեղյալ է հայտարարել: Նա Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի եղբայրն է: Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, Թրամփի ընտանիքի բիզնես-գործընկերն է: