Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի 2023 թ. տարեկան հայտարարագիրը, որից դատելով՝ համայնքապետի ընտանիքում նախորդ տարի գույքի գնման-վաճառքի գործարքներ են կատարվել։
Նախ նշենք, որ տարեսկզբին Սամսոնյանը համատեղ սեփականությամբ իրեն պատկանող 5 գույք է հայտարարագրել, մասնավորապես՝ Շիրակի Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որը գնել է 2011-ին, ևս մեկ անհատական բնակելի տուն էլ Շիրակի Գյումրի համայնքում, որը գնել է 2019-ին, նույն թվականին գնած և դարձյալ Գյումրիում գտնվող ավտոտնակը, երկու հողամաս՝ Գյումրիում և Ախուրյանում, որոնք նույնպես գնել է համապատասխանաբար 2019-ին և 2011-ին, ինչպես նաև Երևանում գտնվող բաժնային (48 տոկոս) սեփականությամբ իրեն պատկանող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը, որը գնել է 2022-ին (38 մլն դրամով, կառուցապատող՝ «ՆՈՐԻԿ 70» ՍՊԸ)։ Փաստորեն, Սամսոնյանը հեղափոխությունից հետո մեկ տարվա մեջ՝ 2019-ին, միանգամից երեք գույք է գնել։
Նկատենք, որ 2023 թ. տարեվերջին, դատելով հայտարարագրից, Սամսոնյանի գույքերի ցանկը նվազել է 2-ով, նա հայտարարագրում նշել է միայն մեկ անհատական բնակելի տուն, երկու հողամաս և բազմաբնակարան շենքում գտնվող մեկ բնակարանը։ Թե ուր են «օքսիդացել» մնացած երկու գույքերը՝ հայտնի չէ։ Եթե հայտարարատուն օտարման գործարք կատարած լիներ 2023-ին, ապա այդ մասին պետք է նշված լիներ հայտարարագրում, սակայն որևէ նշում առկա չէ։ Ենթադրում ենք՝ այս անհամապատասխանությունը հայտարարագիրը սխալ լրացնելու հետևանք է։
Հարկ է նկատել, որ 2022 թ. հայտարարագրում Գյումրիի համայնքապետին պատկանող գույքերի թիվն ավելի տպավորիչ էր. նա ¼ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող, Գյումրիում գտնվող, 2020-ին իր կողմից գնված հասարակական նշանակության շինություն էր հայտարարագրել, որը, սակայն, 2022-ին վաճառել է 99 մլն 840 դրամով Վահան Ավագյանին։
Որպես տրանսպորտային միջոց Գյումրիի համայնքապետը 2023-ին հայտարարագրել է 1991 թ. արտադրության GAZ մարդատար տրանսպորտային միջոց, որը գնել է 2008-ին։ Սամսոնյանն, ի դեպ, բանկային հաշվին չունի գումար, փոխարենը տարեսկզբին հայտարարագրել է 16 մլն 500 հազար կանխիկ դրամ, որը տարեվերջին աճել է՝ կազմելով 19 մլն 350 հազար դրամ։ Համայնքապետի եկամուտը գոյացել է քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձից՝ 3 մլն 293 հազար 319 դրամ։ Սամսոնյանը նաև 32 մլն 677 հազար 592 դրամ վարկի կամ փոխառության մայր գումար է հայտարարագրել. վարկերից մեկով տուն է գնել, 2023-ին մայր գումարի մնացորդը կազմել է 2 մլն 88 հազար 456 դրամ, մյուսով՝ բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 27 մլն 954 հազար 136 դրամ։ Հայտարարագրում նշված է նաև ևս մեկ վարկի մայր գումարի մնացորդ՝ 2 մլն 635 դրամ, սակայն հիպոթեքի առարկան նշված չէ։
Սամսոնյանի կինը՝ Աղունիկ Աբգարյանը, ևս ներկայացրել է իր 2023 թ. հայտարարագիրը (վերջինս, ի դեպ, ՀՀ քաղաքացի չէ)։ Նա Երևանում 2022-ի ապրիլին գնված բնակարանի մյուս՝ 49 տոկոս բաժնի սեփականատերն է, ինչպես նաև Գյումրիում գտնվող հողամասի մյուս համատեղ սեփականատերը։ Աղունիկ Աբգարյանը, բացի սրանից, հայտարարագրել է նաև իրեն միանձնյա սեփականության իրավունքով պատկանող, Երևանում գտնվող բնակարան, որը գնել է 2022-ի սեպտեմբերին։
Քաղաքապետի տիկինը, նշենք, 2023-ի հոկտեմբերի 1-ին 4 մլն դրամով վաճառել է 2022-ին գնված 2007 թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենան, հոկտեմբերի 13-ին էլ նույնքան գումարով գնել է 2004 թ. արտադրության LEXUS մարդատար տրանսպորտային միջոց (Վ. Սամսոնյանն էլ նախորդ տարի էր 5 մլն դրամով օտարել իրեն պատկանող 2000 թվականի արտադրության Nissan-ը)։
Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, որպես երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, տիկնոջ հայտարարագրում նշված է 92 հազար ԱՄՆ դոլար։
Աբգարյանի եկամուտը գոյացել է ԿԳՄՍՆ «Գյումրիի տնտեսագիտական վարժարան»-ից ստացած 596 հազար 341 դրամ աշխատավարձից, վերոհիշյալ ավտոմեքենան օտարելուց և ձեռնարկատիրական գործունեությունից՝ 10 մլն դրամ. Աբգարյանին է պատկանում Գյումրիում գտնվող «Ֆլայ» գրախանութը։
Civic.am-ը պարզեց, որ քաղաքապետի կնոջ ԱՁ-ն, որպես շրջանառության հարկ վճարող, 2023 թ. հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկում է հատնվել և առաջադրվել է 211 հազար 638 դրամ տուգանքի։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Օսկանյանը ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է արել՝ հուշելով Ալիևին՝ մտիր և վերցրու «Զանգեզուրի միջանցքը»
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի