Ամերիկյան Պոլիտիկո պարբերականը հայտնել է Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի նամակի մասին, որն ըստ պարբերականի Միշելը հղել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիեւին, նրանց կոչ անելով վերադառնալ բանակցության սեղան եւ ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը:
Միշելը հուլիսի 18-ին առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ, Լոնդոնում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Լոնդոնում չկայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում:
Բաքուն նախ հայտարարեց, թե Երեւանը մերժել է Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո հանդիպելու առաջարկը, իսկ Երեւանը պատասխանեց, որ Բաքուն է հրաժարվել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում հանդիպելու Երեւանի առաջարկից: Ինչպես այդ առնչությամբ արդեն արտահայտել եմ տեսակետս, Լոնդոնում չկայացած հանդիպումը պարզապես չկայացած հանդիպում չէր, այլ փաստացի գործընթացի որոշակի առավել էական արգելակվածության նախանշան կամ դրսեւորում: Միշելի նամակը, որի մասին գրում է Պոլիտիկոն, դրա եւս մի վկայություն է: Հազիվ թե գործընթացի առկայության պարագայում Եվրոպական խորհրդի նախագահը հարկ համարեր առանձին նամակներով դիմել Նիկոլ Փաշինյանին ու Ալիեւին:
Հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ունեն կասկած, որ Երեւանն ու Բաքուն արգելակելով բանակցային գործընթացը, այդպիսով ըստ էության արգելակում են հաղորդուղիների ապաշրջափակման թեման: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայ-թուրքական հատուկ բանագնացների առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության կարգավորումն ու հաղորդուղիների ապաշրջափակումը Կովկասի առավել կայուն խաղաղության ամենակարեւոր տարրերն են: Այդ տարրի առաջնահերթության մասին պարբերաբար հայտարարում է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ասելով, որ դա կարեւոր է Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին շրջանցելով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելը:
Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցության գործընթացը չի գնում առաջ եւ չի ամբողջանում խաղաղության պայմանագրի այնպիսի մի իրավիճակ, որն ընդհուպ մոտեցնում է հաղորդուղիների ապաշրջափակման թեմայով որոշումներին, ապա փաստացի տապալվում է այդ կարեւոր նպատակը կամ «ամենակարեւոր տարրը», որի մասին խոսում են Վաշինգտոնն ու Բրյուսելը: Երեւանն ու Բաքուն բացի խաղաղության պայմանների շուրջ բովանդակային տարաձայնություններից, անկասկած ունեն նաեւ որոշակի ընդհանուր հանգամանք, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ ռազմավարական հակոտնյա դիրքում չհայտնվելը:
Այն, որ այդ առնչությամբ կա կասկած, ըստ էության ավելի բաց տեքստով նույն Ջեյմս Օ Բրայանը հայտարարել է դեռեւս Երեւան այցի ընթացքում, իր հարցազրույցում ասելով, թե մանեւրելու համար «երկու կողմն էլ բանեցնում են հետաքրքիր հնարքներ»
Բաց մի թողեք
Թրամփի հետ հանդիպումը չի անցել այնպես, ինչպես կցանկանար Զելենսկին. Մերց
Իշխանության վերընտրվելու ռեսուրսը սպառվել է
Գազայում «ժանիքներ են ցուցադրում», Թրամփը կասկածում է, որ թիկունքում Թուրքիան է կանգնած