16/09/2024

«Հավը երազում կորեկ է տեսնում». Իշխան Սաղաթելյանը՝ հրաժարական տուր Նիկոլ Փաշինյան ու պնդում՝ վարչապետի թեկնածու են առաջադրելու

Հայտնի է, որ «սրբազան» կոչվող շարժումը թվով երրորդն է 44-օրյա պատերազմից հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետությունից հեռացնելու և իշխանությունը այս կերպ զավթելու նպատակով։

Ու թեև այս անգամ շաժումը հանրությանը մատուցվում է այլ՝ ապաքաղաքական դեմքի կերպարով ու առաջնորդությամբ, սակայն նույնիսկ ոզնու համար է հասկանալի, որ դրա կառավարչա-կազմակերպական հարցերում խառն է ոչ միայն ռադիկալ ընդդիմության և մասնավորապես ՀՅԴ-ի «մատը», այլև 134-ամյա կուսակցության այլ «բարեմասնությունները» նույնպես՝ քարոզչական, ֆինանսական ներդրումից (մարդկանց ընդդիմության հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մասին իրավապահների բացահայտումները վկա) մինչև բարոյա-քաղաքական աջակցություն՝ ի դեմս Գառնիկ Դանիելյանի և նրա էքստրաօրդինար հայտարարությունների։

Այս երեք շարժումների ժամանակ, ինչպես հայտնի է, ընդդիմությունը ձախողվեց ոչ միայն հանրային լայն աջակցություն չստանալու առումով, այլև վատագույնս խաղաց «դրամայի» ամենակարևոր տեսարանը, որը կոչվում է գործող վարչապետի հնարավոր հրաժարականի կամ նրան անվստահություն հայտնելու դեպքում վարչապետի թեկնածուի առաջադրում, թեկնածու, որն էլ պետք է դառնա(ր) հանրությանը կոնսոլիդացներ մեկ մարդու նման փողոց հաներ և համագային ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չթողներ, քան հրաժարական տալն ու ճամպրուկները հավաքելն է։

ՀՓՇ-ի դեպքում այդ թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր, մեկը, որի հայտնի է քաղաքական գործունեության իր, թող թույլ տրվի ասել՝ անփառունակ անցյալով («իդիոտ»-«իդիոտը դու ես» Վազգեն Մանուկյան-Սերժ Սարգսյան ինքնաբնութագրական դիալոգը վկա), մեկը, որին այդպես էլ չհաջողվեց «Հանրային խորհուրդ»-ի նախագահի պաշտոնից բարձր պաշտոն ստանալ քոչարյանասերժական իշխանության օրոք, ուր մնաց թե՝ վարչապետի թեկնածուի կարգավիճակում «կոնտր հեղափոխություն» անել հաջողվեր։ Երկրոդի՝ «Դիմադրության շարժման» ժամանակ, ինչպես հայտնի է, ընդդիմությունն այդպես էլ ռիսկ չարեց, այո՛, այո՛, մինչև վերջ այդպես էլ չբարձրաձայնեց իր վարչապետի թեկնածուի անունը՝ հաշվի առնելով վերջինիս բացասական ռեյտինգը, թեև ամեն ինչ հուշում էր, որ այդ թեկնածուի անունն է 2021-ին վարչապետ դառնալու ախորժակով ընտրապայքարի մեջ մտած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Դե իսկ «սրբազան շարժման» պարագայում էլ դրա առաջնորդ Բագրատ արք․Գալստանյանն անհամեստաբար ինքնաառաջադրվեց որպես վարչապետացու՝ հայրենասիրաբար թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ ինքը երկքաղաքացի է, ունի Կանադայի քաղաքացիություն, մինչդեռ ՀՀ սահմանադրությունը արգելք է սահմանում երկքաղաքացիություն ունեցող և վարչապետի թեկնածու առաջադրվել հավակնողների համար։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը, եթե հրաշք տեղի ունենա ու առաջիկա աշնանը կարողանա վերակենդանացնել շարժումն ու «նախահաղթանակային» կոնդիցիայի հասնի՝ փողոց հանի այնքան մարդ, որ Նիկոլ Փաշինյանը սկսի լրջորեն մտածել հրաժարական տալու մասին, նորից, կրկին ու վերստին բախվելու է վարչապետի թեկնածու առաջադրելու խնդրին։ Սրբազանին այս ընդդիմությունը դժվար թե թեկնածու առաջադրի՝ գոնե իր իսկ օրոք ընդունված Սահմանադրության նկատմամբ հարգանքից դրդված։

Իշխան Սաղաթելյանն, ահա, օրերս կայքերից մեկի հետ հարցազրույցում, անկեղծության օգտակար պոռթկումներ է ունեցել և վկայակոչելով հանրահայտ «կրուտիտներն» առ այն, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վայր չի դնում ու արտահերթ ընտրություններ չի պահանջում, ազդարարել է՝ «եթե մենք ուզում ենք երաշխավորված արտահերթ ընտրություն լինի, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Հետևապես, պահանջել ընդդիմությունից հրաժարական, որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություն, դա լուրջ չի։ Ընդդիմության՝ մանդատները վայր դնելուց հետո երաշխավորված չի արտահերթ ԱԺ ընտրությունները, դրանով մեկ բան է երաշխավորվում, որ՝ Նիկոլ Փաշինայնը ունենում է հնարավորություն իր ուզած ժամկետում և իր ուզած պայմաններով նշանակել արտահերթ ընտրություններ։ Եթե իրեն ձեռ տա, կնշանակի, եթե ոչ՝ ոչ։ Մյուս կարևոր հարցը, որին շատերը ուշադրություն չեն դարձնում․ եթե Փաշինյանը որոշի գնալ արտահերթի, առնվազն խորհրդարանական ընդդիմությանն առաջարկելու է՝ փաստաթուղթ ստորագրեք, որ [վարչապետի] թեկնածու չեք առաջադրելու իմ հրաժարականից հետո։ Մենք չենք պատրաստվում գնալ նման համագործակցության և նման փաստաթուղթ ստորագրենք։ Իսկ դա չի երաշխավորում, որ մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու»։ Դիտարկմանը՝ ձեր՝ ընդդիմության, ձայները բավարար չեն ձեր թեկնածուին անցկացնելու համար, Սաղաթելյանը դիմել է պարզունակ մանևրի․ «Չէ, ես երևույթն եմ ասում, երբ որ ինքը հրաժարական տա, ընդ որում` երկու անգամ (ըստ Սահմանադրության՝ արտահերթ ընտրություններ հնարավոր են այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։ Այդ դեպքում խորհրդարանը իրավունքի ուժով համարվում է արձակված) և մնա ԺՊ-ի կարգավիճակով, իրավիճակ է փոխվում։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանին դա ևս ձեռնտու է, որպեսզի այսօր խորհրդարանում չլինի ընդդիմություն և ինքը իր ցանկացած՝ այդ կարգի որոշումները փորձի իրականացնել»։ Այժմ հերթով փորձենք մեկնել Սաղաթելյանի մտահանգումները։ Սկսենք մասնավորապես վարչապտի թեկնածու չառաջադրելու վերաբերյալ «գործարք»-ից։ Նախ՝ նման «գործարքին», եթե, իհարկե, իշխող ուժը նման առաջարկությամբ հանդես գա, պետք է նախորդի խոորհրդարանական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ։ Նման մտադրություն ու դրանից թելադրվելիք «գործարք», դատելով իշխանության հայտարարություններից (ամենաբարձր մակարդակով), իշխանության օրակարգոում չկա։ և հետո, նման «գործարք» նախկիոնւմ արդեն իսկ երկու անգամ տեղի է ունեցել՝ 2018-ին և 2021-ին։ Երկու դեպքում էլ նախորդ խորհրդարանները կարողացել են իրենց մեջ ոուժ գտնել ու զերծ մնալ քաղաքական խարդավանքից ու արկածախնդրությունից, ընդառաջ են գնացել իշխանության տիրոջ՝ ժողովրդի տրամադրություններին և վարչապետի թեկնածու չառաջադրելով ի կատար են ածել քաղաքական պայմանավորվածությունը, այն է՝ գնալ արտահերթի։

Սաղաթելյանի անկեղծության պոռթկումը, սակայն, վկայում է, որ ՀՅԴ-ն՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, բնավ էլ մտադիր չէ գնալ արտահերթ ընտրությունների, ավելին՝ մանդատները պինդ բռնած իր գոյությունը քարշ է տալու մինչև 2026-ի հերթական ընտրություններ։ Ավելին, եթե անգամ ստացվի այնպես, որ ՔՊ-ի հետ քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվի արտահերթի գնալու շուրջ, ապա Քոչարյանի հովանու ներքո գործող քաղաքական խմբավորումը դավադրության է դիմելու՝ խախտելու է պայմանն ու վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Անշուշտ, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական ընդդիմության ձայները բավարար չեն լինի ընդդիմության թեկնածուին անցկացնելու համար, սակայն Իշխան Սաղաթելյանի խմբակցությունն ու դրա փաստացի ղեկավարը այս ընթացքում ապացուցել են, որ խորապես թքած ունեն այնպիսի հասկացություններ վրա, ինչպիսիք են քաղաքական խոհեմությունն ու ադեկվատությունը։ Դեպքերից առաջ չընկնելով, սակայն, մեծ է գայթակղությունն իմանալու, թե ո՞վ է լինելու Սաղաթելյանի ու ԱԺ ընդդիմության մտքի ու սրտի վարչապետացուն։ Մեկը, որը պատրաստ է լինել այնքան անլուրջ ու իր հեղինակության վրա խաչ քաշած, մաթեմատիկայից էլ՝ հեռու, որ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով համաձայնի առաջադրվել թեկնածու ու․․․․մերժվել խորհրդարանի կողմից։ Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս է «իրավիճակը փոխվելու», եթե, դիցուք, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կամ, ասենք, Լևոն Քոչարյանն առաջադրվեն վարչապետացու ու, չստանալով անհրաժեշտ ձայներ, «կտրվեն քննությունից»։ Այսպիսով նրանց ի՞նչն է ավելանալու, չի՞նը, բո՞յը, թե՞ մորուքն է սկսելու կատաղի տեմպով աճել։

2022-ին, օրինակ, երբ խորհրդարանը պետք է ՀՀ նախագահ ընտրեր, ԱԺ ընդդիմությունն ունեցավ հեռատեսություն ու նախագահի թեկնածու չառաջադրեց։ Ի դեպ, այդ օրերին մամուլը գրել էր, որ խմբակցությունը քննարկել է մի քանի նախագահացուների անուններ, մասնավորապես նաև Ռոբերտ Քոչարյանի, սակայն վերջինս հրաժարվել է առաջադրվել։ Անցած մոտ երեք տարիների ընթացքում ԱԺ-ում ստատուս քվոն չի փոխվել, և սահմանադրական կարգավորումները ոչ մի կերպ չեն հուշում, որ ընդդիմության «իքս» թեկնածուն վարչապետի թեկնածու առաջադրվելու պարագայում ընտրվելու է։

Ի՞նչն է, այդ դեպքում, Իշխան Սաղաթելյանին հուսադրել կամ ներշնչել, որ Փաշինյանի ենթադրյալ հրաժարականի ու ԺՊ-ի կարգավիճակում պաշտոնավարելու դեպքում «իրավիճակ է փոխվելու»։ Երևի Կրեմլի խոսնակները նորից «դուխ»-ի հերթական դոզան են ներարկել՝ նախապատրաստելով աշնանային օպերացիային։

Ինչ վերաբերում է Սաղաթելյանի այն դիտարկմանը, թե Փաշինյանին ձեռնտու չէ, որ ընդդիմությունը լինի խորրդարանում, ապա ընկեր Իշխանը թյուրիմացության մեջ է․ ընդհակառակը, Փաշինյանին ձեռնտու է, որ խորհրդարանում լինի այսպիսի ընդդիմություն, այս որակով, իմա՝ անադեկվատ, հանրային աջակցություն չվայելող օրակարգով։ Փաշինյանին ձեռնտու է, որ հասարակությունը ամեն քառօրյայի կամ նստաշրջանի ժամանակ լսի հենց այս ընդդիմության՝ ռուս-ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվների սպասարկմանը միտված հայտարարությունները, հետևություններ անի առ այն, թե ինչպիսին չպիտի՛ լինի պետականամետ, կառուցողական ու ադեկվատ ընդդիմությունը և գալիք արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ ուղղի 2021-ին թույլ տված սխալը։

Փորձը ցույց է տալիս, որ որքան շատ է ընդդիմությունը ԱԺ ամբիոնը ցնցում իր կեղծ հայրենասիրական զեղումներով, որքան շատ է երկրի վերահաս կործանման մասին ապոկալիպտիկ կանխատեսումներ անում ու վախ ներշնչում հանրությանը, այնքան այդ հայտարարություններից ազդված քաղաքացիների թիվը, որոնք պետք է համալրեին ընդդիմության ընտրազանգվածը, նորսրանում է։

Ապացույցը՝ փողոցային պայքարի տարբեր սեզոններին մասնակցող քաղաքացիների նվազ ու նվազող թիվն է, «պատալոկ»՝ 32 հազար։ Այնպես որ, պարոն Սաղաթելյանն ու նրա գործընկերները կարող են անկեղծ հայտարարել՝ մանդատները վայր չենք դնում, քանի որ դնելու դեպքում պետք է մանդատից հրաժարվի դրա շնորհիվ կալանքից ազատված քրեական հետապնդման ենթարկվող Լևոն Քոչարյանը։ Արտահերթ ընտրությունների պահանջ էլ չենք առաջադրում, քանի որ սարսափում ենք նման հեռանկարից։ Ինչո՞ւ, քանի որ շատ լավ գիտենք, որ նոր ընտրությունների պարագայում չենք ստանա նույնիսկ այն տոկոսների կեսի կեսը, որը ստացել ենք 44-օրյա պատերազմից հետո հասարակության մոտ ի հայտ եկած շոկի ու դեպրեսիայի շնորհիվ։

Հ․ Մանուկյան