Փարիզում Ադրբեջանի դեսպանատան կից, պարզվում է, գոյություն ունի «Ադրբեջանի մշակութային կենտրոն»:
Այն ստեղծվել է 2000-ական թվականներին, երբ Ադրբեջանում իշխող ամուսնական զույգը Ելիսեյան պալատ ցանկալի հյուրն էր, Մեհրիբան Ալիեւան արժանացել էր Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի եւ հովանավորում էր Լուվրը:
«Մշակութային կենտրոնն» օլիմպիական խաղերի օրերին ոչ պաշտոնապես վերանվել է «Ադրբեջանի տուն»: Այնտեղ աղմկոտ միջոցառումներ են կազմակերպվում:
Ամենեւին էլ պատահական չէր, որ օլիմպիական խաղերին ընդառաջ Իլհամ Ալիեւը Բաքվում կազմակերպեց Ֆրանսիայի «գաղութային լծից ազատության ձգտող» մի քանի մարգինալ շարժումների խորհրդաժողով:
Հաշվարկն, ըստ երեւույթին, այն էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «վրեժխնդիր կլինեն»՝ Փարիզ մեկնած Ադրբեջանի մարզական թիմին ցուցաբերելով խտրական վերաբերմունք: Չստացվեց:
Ընտրվել է այլ տարբերակ՝ ստեղծել «օլիմպիական ավան» եւ ցուցադրական-աղմկոտ հավաքների միջոցով դավագրգռել ֆրանսիական ոստիկանությանը, որպեսզի վերջինս միջամտի:
Երեւում է, այդ տարբերակն էլ չի աշխատում: Փարիզում ոչ ոքի չի հետաքրքրում, թե Ադրբեջանն իր դիվանագիտական տարածքում ինչպես է տոնում լեգեոների օլիմպիական հաղթանակը: Ֆրանսիան համաշխարհային տերություն է, ժողովրդավարական երկիր, ադրբեջանցի մարզիկները, մարզիչները, ուղեկցող լրագրողները եւ դեսպանատան աշխատակիցներն իրենց «տանը» կարող են անգամ մերկապար ցուցադրել, հանրությունը, միեւնույն է, Ադրբեջանի մասին իր պատկերացումն ունի:
Այս խոստովանությունն է արել Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաեւին՝ իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, երբ լրագրողը փորձել է նրանից գոնե մի հաճելի տեղեկություն կորզել: «Ֆրանսիայում թե աջերը, թե արմատական ձախերը, թե կենտրոնամետները, ցավոք, Ադրբեջանի դեմ են», – պատասխանել է Աբդուլլաեւան:
Սա արդեն քաղաքական ախտորոշում է եւ վկայում է, որ Բաքուն Ֆրանսիայի առաջատար բոլոր ուժերի հետ փորձել է աշխատել, բայց որեւէ հաջողության չի հասել: Աբդուլլաեւան, իհարկե, դա բացատրում է Ֆրանսիայի հայկական համայնքի գործոնով, բայց համայնքը կար նաեւ 2000-ականներին եւ հաստատ ոգեւորված չէր, որ Ելիսեյան պալատը գործարքի մեջ է Իլհամ Ալիեւի հետ:
Խնդիրն, ուրեմն, արմատական-խորքային է եւ հանգում է նրան, որ Իլհամ Ալիեւը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է արգելափակել Ֆրանսիայի մուտքը Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Այդ դեպքում, ինչպես Աբդուլլաեւան է խոստովանում, նշանակություն չունի, թե Ֆրանսիայում ով է իշխանություն:
Բաքուն ընտրել է պարզունակ «հիմնավորում» եւ Ֆրանսիային մեղադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քառասունչորսօրյա պատերազմից հետո «իրողությունները չճանաչելու» մեջ: Աբդուլլաեւան ասում է, որ եթե Ֆրանսիան պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա հարաբերությունների վերբեռնում կսկսվի»:
Բայց Փարիզն ինչու՞ պիտի նման հայտարարություն անի, եթե Իլհամ Ալիեւը հովանավորում է կորսիկացի արմատական անջատողականներին, իսկ Նոր Կալեդոնիան՝ անվանում «ֆրանսիական գաղութ»: Պարզունակ կլիներ ասել, թե դա ԼՂ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման «հայելային պատասխանն է»:
Ադրբեջանը ներքաշվել է հակաֆրանսիական մեծ գործարքի մեջ: Փարիզն Ադրբեջանի համար այսօր տոն չէ: Բայց վաղն ամեն ինչ կարող է վերադառնալ 2000-ականների իրավիճակին: Ժամանակային այդ միջակայքն ինչպե՞ս է օգտագործում Հայաստանը:
Ավելի ճիշտ՝ Ֆրանսիան Ադրբեջանի հետ հարաբերությունների վերբեռնման կգնա ավելի ուժեղ Հայաստանի հետ դաշնակցությամբ, թե կընդունի Հարավային Կովկասում Բաքվի «լիդերությունը»:
Բաց մի թողեք
Արդյո՞ք կլինեն շփումներ Ալիեւի եւ Էրդողանի հետ
Բաքվում ինչ է փնտրում ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան
Ի՞նչ դիրքորոշում ունեն Հարիսն ու Թրամփը Ուկրաինայի հարցում