08/09/2024

Բանակային «ֆեոդալիզմ» էր. զորամասի հրամանատարն ուներ իր տնտեսությունը, հավանաբար նաև զորամասային կապելան

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում Երիտասարդաց միությունների անդամների հետ Արցախի հերոս, գնդապետ Քյոխ մականվամբ՝ Կարեն Ջալավյանի հանդիպման մասին: Հյուրը պատմել է դեպի Աստված դարձի ճանապարհի, իր կյանքում և, առավելաբար, ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին և ամփոփել, որ «ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:

1946 թ. խորհրդային գաղափարախոս Անդրեյ Ժդանովը Աննա Ախմատովայի մասին ասել է, որ չի հասկացվում՝ «անառակ է, թե՞ միանձնուհի»: Հիմա պարզ չէ՝ ԼՂՀ Պաշտպանության բանակում գնդապետ Ջալավյանը զորամասի հրամանատար-պրոֆեսիոնալ զինվորական է եղել, թե՞ «աբեղա»:

Ովքեր եղել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, կվկայեն, որ 2010-ական թվականներից դիրքերում բուռն «եկեղեցաշինություն» է սկսվել: Մարտական սպառազինությունը նույնն էր մնացել, նույնն էին խրամատները, խրամաբջիջները՝ հողափոր-ձեռնաշեն:

Այդ տարիներին մի կատակախոս ասել է, որ Պաշտպանության բանակում «մարտավարություն չէ, արտավարություն է»: Բանակային «ֆեոդալիզմ» էր. զորամասի հրամանատարն ուներ իր տնտեսությունը, հավանաբար նաև զորամասային կապելան, որը զինվորներին ներշնչում էր հավատ առ այն, որ վտանգի պահին Աստված նրանց չի լքի:

Հրամանատարությունը հղփանում էր, իսկ զորամասային կապելանը՝ զինվորներին համոզում, որ կարելի է հենակետում հույսը դնել մի ձեռքի գնդացրի, մի «Կալաշնիկով» ավտոմատի և երկու նռնակի վրա: Մնացածը «Աստծո գործն է, նա կփրկի»:

Հավատացյա՞լ է ՊԲ նախկին զորամասի նախկին հրամանատարը: Դա իր անձնական ընտրությունն է, կարող է մեկնել Երուսաղեմ: Բայց երիտասարդներին հանդիպել և ասել, որ Աստված իրեն փրկել է, փարիսեցիություն է, որովհետև Աստված նրա հրամանատարության զինվորներից և սպաներից շատերին չի փրկել: Նրանք զոհվել են թե ապրիլյան քառօրյա մարտերում, թե քառասունչորսօրյա պատերազմում, թե 2022 թ. օգոստոսի 3-ին, թե անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին:

Իսկ նողկալին այն է, որ գնդապետ Կարեն Ջալավյանը Երևան է հասել ավելի վաղ, քան ցամաքած դիրքերից փրկարարները կտարհանեին իր հրամանատարության զինվորների, սպաների մարմինները, կկազմակերպվեր Եռաբլուրում նրանց հուղարկավորությունը: Չխոսած այն մասին, որ մարտական փառքով պսակված նրա տասնյակ զինվորների աճյունները հողին են հանձնվել Ստեփանակերտում և դեռ այնտեղ են: Այդպես դեպի Աստված դարձ չի լինում: Այդպես առհասարակ չի լինում և չպետք է լինի:

Գնդապետ, Արցախի հերոս Ջալավյանին կարելի էր հասկանալ, եթե նա ասեր, որ պատրաստ է մարտական փորձը փոխանցել Հայոց բանակին, հայտարարեր, որ կարող է ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածի պաշտպանությունը: Մնացածը չեմ ասում: Անհասկանալի է, թե նա ի՞նչ օրինակ է ներշնչում: Կղերա-ֆեոդալական բանակի, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «թթուն խմել ենք»:

Այդ «ֆենոմենը» ոչ միայն ակտուալ չէ, այլև չափազանց վտանգավոր է՝ ինչպես պատերազմի մասին հրաշապատում առասպելները: Եվ ինչո՞ւ է Հայ Առաքելական եկեղեցին հովանավորում դառը-դաժան իրականության միֆականացումը:

Ավարայրի Վարդանանք սրբադասված են, բայց սրբերը «օգնական» են այնքանով, որ իրականությանը չեն միջամտում: Ովքեր Աստծուն նվիրվելու ուխտ ունեն, կարող են մտնել մենաստան: Հայոց բանակը պետք է շնչի շոշափելի-առարկայական միջավայրի սթափ և խորքային գնահատման ռեժիմում: Անցյալի միֆերը Լեթայի ջրերինն են: