«ԵԽԽՎ բոլոր պատգամավորները, ովքեր քվեարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու օգտին, հայտարարված են անցանկալի անձ: Մինչև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վերահաստատումը նրանց մուտքն Ադրբեջան արգելված է», — անձնական Թելեգրամ-ալիքում այս բովանդակությամբ գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն:
Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանի արտահերթ ընտրություններ են նշանակված: Նույնիսկ իշխանական մամուլն է ընդունում, որ հանրությունը «հիմնականում անտարբեր է»: Արձանագրված է նաև քաղաքական ուժերի, առանձին խմբերի և անհատների պասիվությունը: Եթե նախորդ ընտրություններին պատգամավորության թեկնածու է առաջադրվել 1300 անձ, ապա այս անգամ՝ գրեթե մեկ երրորդով պակաս՝ 1030:
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չի հաստատել այս տարվա սկզբին: Ինը ամիս անց Բաքուն այդ որոշման օգտին քվեարկած բոլոր պատգամավորների Ադրբեջան մուտքն արգելում է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր Ադրբեջանի ԿԸՀ-ն ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին չի ուղարկել: Կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը մտավախություն է ունեցել, որ քվեարկության օրվան ընդառաջ՝ ԵԽԽՎ պատգամավորները կարող են այցելել Բաքու և հետևել ընտրություններին, ուստի կանխարգելիչ քայլ է ձեռնարկել:
Այդ որոշմանը նախորդել է Եվրամիության Բաքվում ներկայացուցչության շատ կոշտ հայտարարությունը, որը Բաքվի իշխանական և մերձիշխանական մամուլին մեղադրել է ԵՄ հասցեին «մտացածին և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու, հակաքարոզչություն իրականացնելու» մեջ: Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող միակ կառույցը ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի սակավաթիվ խումբն է:
Փաստացի, Իլհամ Ալիևի իշխանությունը և՛ մեկ անգամ խորհրդարան է ձևավորում «ընտրություն չկա, քվեարկությունը կկայանա» սկզբունքով և ձգտում է ամեն ինչ անցկացնել «ազգային ավանդույթների և մենթալիտետի» գերակայությամբ: Ընդ որում, ռեպրեսիվ մեքենան գործում է ամբողջ ուժով. միայն անցնող շաբաթվա ընթացքում Բաքվում երկու երիտասարդ քաղաքագետ կալանավորվել են: Նրանք մեղադրվում են «Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու» մեջ:
Անկախ փորձագետները փաստում են, որ երկու երիտասարդները միջազգային մամուլում մի շարք հոդվածներ են հրապարակել և Ալիևի իշխանությանը քննադատել Հայաստանի հետ բանակցություններում արհեստական խոչընդոտներ ստեղծելու և խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար: Նրանք դեմ են նոր լարվածությանը: Նրանցից Բահրուզ Սամադովը դատարանում հայտարարել է. «Ես Իլհամ Ալիևի անձնական թշնամին եմ, որովհետև պացիֆիստ եմ»:
Այս ֆոնին վտարանդի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական իշխանությունները Քելբաջարի բնակիչներին հորդորում են հեռանալ, քանի որ «Ջերմուկի ուղղությամբ Հայաստանը հարձակման է նախապատրաստվում»: Ալիևը Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններ է անցկացրել նաև 2020թ. փետրվարին:
Օգոստոսի 23-ին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանն Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության եթերում գրեթե բաց տեքստով հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունը «փորձում է Հայաստանի հետ հարաբերություններում կրակ վառել», և ինքն այդ նպատակի մասին «կարող է միայն կռահումներ անել»: ԵԽԽՎ պատգամավորների մուտքի արգելքը, շատ հնարավոր է, նպատակ ունի հնարավորություն չտալ, որպեսզի նրանք Ադրբեջանի ներքին կյանքին, Հարավային Կովկասում կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցերում «կռահումներ անելու» և այդ մասին բարձրաձայնելու առիթներ չունենան:

Բաց մի թողեք
Կուբիլյուսը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը. Լուսանկար
Ինչպես Լայպցիգում ձախողված հարձակումը բացահայտեց ավելի լայն ռուսական արշավ
Եվրոպական երկրները պայմանավորվել են «վճռական» պատասխան տալ դիզվառելիքի հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշմանը